ԱՄՆ–ն չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վիլնյուսյան գագաթնաժողովից հետո. Բեքարյան
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ն չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ վիլնյուսյան գագաթնաժողովից և ԵՄ–Ռուսաստան լարված հարաբերություններից հետո, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը։
Նրա խոսքերով` այս մասին վկայում է Որոտանի ՀԷԿ–ում արված ներդրումների համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ խոշորագույնն է։
«Այս խորացող տնտեսական համագործակցությամբ ԱՄՆ–ն բոլորին մեսիջ է ուղարկում այն մասին, որ իրենց համար տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում, օրակարգը չի փոխվել, չնայած վիլնյուսյան գագաթնաժողովում տարաբնույթ իրավիճակին», – հայտարարեց Բեքարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նոյեմբերի 27–ին հավանության է արժանացրել «Որոտանի ՀԷԿ–երի համալիր» պետական ՓԲԸ–ին ամերիկյան Contour Global ընկերության դուստր ընկերությանը` Contour Global Hidrocaskade–ին վաճառելու մասին գործարքը։
Սակայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը դեկտեմբերի 4–ին խորհրդարանում տեղի ունեցած կառավարության ժամի ընթացքում հայտարարել էր, որ Հայաստանը չի վաճառել Որոտանի ՀԷԿ–ը։
Նոյեմբերի 23–ին Վաշինգտոնում անցած հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում ասվել էր, որ ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի Որոտանի ՀԷԿ–երի համալիրում։ Այս ներդրումը Հայաստանի և ԱՄՆ–ի միջև երկկողմ հարաբերությունների պատմության խոշորագույն ներդրումն է։
Որոտանի ՀԷԿ–երի համալիրը գտնվում է Հայաստանի հարավում, ունի համակարգաստեղծ նշանակություն երկրի էներգետիկայի համար։ Բաղկացած է երեք հիդրոէլեկտրակայանից` Սպանդարյանի (դրված հզորությունը` 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) և Տաթևի (157,2 ՄՎտ)։ ՀՀ կառավարությունը «Որոտանի ՀԷԿ–երի համալիր» ՓԲԸ–ի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։
Contour Global ընկերությունը, որը հիմնվել է մասնավոր ներդրողների կողմից 2005 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում, զբաղվում է էներգետիկ ճյուղում զարգացմամբ, արտադրությամբ և կառավարմամբ աշխարհի տարբեր երկրներում։ ԱՊՀ երկրներից ընկերությանը պատկանում է Ուկրաինայի Կրամատորի ՋԷԿ–ը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:54 23.12.2013