Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+28

Ծառուկյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրան առաջարկել են ՀՀ նախագահի պաշտոնը

13.02.2015, 15:06
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր  գործարար Գագիկ Ծառուկյանը, ով նախօրեին կոշտ քննադատության է ենթարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրան առաջարկել են ՀՀ նախագահի պաշտոնը։
Ծառուկյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրան առաջարկել են ՀՀ նախագահի պաշտոնը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խոշոր  գործարար Գագիկ Ծառուկյանը, ով նախօրեին կոշտ քննադատության է ենթարկվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, տեղեկացրել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո նրան առաջարկել են ՀՀ նախագահի պաշտոնը։

Ուրբաթ ելույթ ունենալով կուսակցության քաղխորհրդի նիստում` Ծառուկյանը նշել է, որ Սարգսյանի նախօրեին արված հայտարարությունների պատճառն այն է, որ նա մերժել է այդ առաջարկը։

«Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը», – ասել է Ծառուկյանը։

Հայաստանում 2013 թ.–ի սեպտեմբերի 4–ին Մայր Օրենքի բարեփոխումների հարցերով զբաղվող պրոֆեսիոնալ հանձնաժողովի ձևավորումից հետո սկսվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը։

2014 թ.–ի հոկտեմբերի 15–ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որը նախատեսում է նաև անցում կառավարման խորհրդարանական ձևին։ Հայեցակարգի հեղինակները կարծում են, որ կառավարման կիսանախագահական ձևի պայմաններում պետության ղեկավարն օժտված է ոչ հավասարակշիռ լիազորություններով համաչափ քաղաքական պատասխանատվության բացակայության դեպքում։ Ընդդիմադիր ուժերը (բացի Դաշնակցությունից, որը խորհրդարանական հանրապետության կողմնակիցն է) հավանություն չեն տալիս նման փոփոխություններին։

Ծառուկյանի խոսքերով` նրան փաստացի առաջարկել են իրականացնել երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու ՀՀ նախագահի ցանկությունը` սահմանադրական փոփոխությունների միջոցով։

«Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին»,–ասել է Ծառուկյանը:

Նրա խոսքերով, իրեն պատերազմ է հայտարարվել. «Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»,–ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը։

Նախօրեին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նիստերից պարբերաբար կերպով բացակայելու պատճառով Ազգային անվտանգության խորհրդում երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի` Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ առաջնորդ) անդամակցությունը դադարեցնելու մասին։

Նախորդ շաբաթ հասարակական ուժերի համաժողովի ժամանակ Ծառուկյանը քննադատել է իշխանություններին` հայտարարելով հաջորդ ընտրություններին իշխանափոխության անհրաժեշտության մասին։

Հինգշաբթի երեկոյան ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստի ժամանակ` Սարգսյանը կոշտ քննադատության է ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։

ՀՀ նախագահը նաև հանձնարարել է բացահայտել խորհրդարանի նիստերից Ծառուկյանի պարբերաբար բացակայության պատճառները։ 2013–2014 թթ.–ին տեղի ունեցած Ազգային ժողովի 145 նիստերից Ծառուկյանը մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի կողմից միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։

ՀՀ նախագահ, ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարի, որտեղ իրավապահ մարմինների հետ կքննարկվի Ծառուկյանի կողմից քրեական հանցագործությունները թաքցնելու մեխանիզմների ստեղծման մասին խոսակցությունների ստուգման հարցը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ–ն 2007–2012թթ.–ին ներառվել է իշխող կոալիցիայի կազմում։ Հիմա այն հանդես է գալիս որպես այլընտրանքային քաղաքական ուժ։–0–