Դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է», ասաց նա։
Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27–ի գիշերը որոշում ընդունեց երկու ամսով կալանավորել Ռոբերտ Քոչարյանին։Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Քոչարյանը «Մարտի 1»–ի գործով ՀՔԾ է հրավիրվել որպես վկա, սակայն նրան առաջադրվել է մեղադրանք։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում նույնպես առաջադրվել է մեղադրանք։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Որպես մեղադրյալ ներգրավված է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ով այս պահին հանրապետությունում չէ։
Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։–0–