«Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք». Փաշինյանն` Աբովյանի քաղաքապետի ընտրությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց նախօրեին Աբովյանում անցկացված քաղաքապետի ընտրությունները, որում իշխանության ներկայացուցիչը պարտվել է գործող քաղաքապետին:
Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կիրակի օրը հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Ընտրություններում մասնակցում էր հինգ թեկնածու, որոնց թվում էին գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մտերիմ Վահագն Գևորգյանն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Ղուլյանը, ում անձամբ աջակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կայացել են ընտրություններ, որոնցում հաղթել է ժողովրդավարությունը, ինչն ամենակարևորն է: Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտվելուն, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ հեղափոխությունից առաջ երկար տարիներ ամենաառաջնային կարգախոսն էր Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտությունը, ինչի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը:
«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանությունը»,- նշեց Փաշինյանը:
Դիտարկմանը, որ ընտրություններից մեկ օր առաջ ԱԱԾ-ն հայտարարեց Աբովյանի քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցման մասին, վարչապետն ասաց. «Պետք է քրեական գործերի բովանդակությունն իմանաք և համոզված լինեք, որ մեկը մյուսի հետ որևէ կապ չունի»:
Վարչապետը հիշեցրեց նաև, որ հեղափոխությունից երկու ամիս անց իրենց կուսակցության թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան ազատ արդար ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում:
«Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ իշխանության թեկնածուին ոչ ոք չհաղթի: Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրություններում, անկախ նրանից «Իմ քայլը» դաշինքի թեկնածում կհաղթի, թե չի հաղթի, հաղթում է հեղափոխությունը և հաղթում է ժողովուրդը: Դա ամենակարևոր արձանագրումն էր», - նշեց Փաշինյանը:
Ինչպես գրում են տեղական ԶԼՄ-ները, ըստ նախնական տվյալների, Գևորգյանի օգտին քվեարկել է 8441 ընտրող, Ղուլյանի` 8031: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 40.83%-ը (44519 քաղաքացուց ընտրություններին մասնակցել է 18175 մարդ):-0-