Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

Ներդրումների գծով Հայաստանն առավելագույն հնարավորություններ ունի եվրասիական ինտեգրման համատեքստում. փորձագետ

01.04.2015, 13:01
Հայաստանը կորպորատիվ ներդրումների տեսակետից առավելագույն հնարավորություններ ունի եվրասիական ինտեգրման համատեքստում, հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի Էկոնոմիկայի բաժնի ղեկավար (Մոսկվա) Ազա Միհրանյանը։
Ներդրումների գծով Հայաստանն առավելագույն հնարավորություններ ունի եվրասիական ինտեգրման համատեքստում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կորպորատիվ ներդրումների տեսակետից առավելագույն հնարավորություններ ունի եվրասիական ինտեգրման համատեքստում, «Նովոստի–Արմենիա» գործակալության հաղորդմամբ`հայտարարել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի Էկոնոմիկայի բաժնի ղեկավար (Մոսկվա) Ազա Միհրանյանը։

«ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը, պայմանագրի համաձայն, նախատեսում է բավականին լուրջ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթ։ Այս համաձայնագրի շրջանակներում այդ ներդրումները կիրականացվեն։ Ցավոք, հնարավոր է այդ ներդրումների ներգրավման տեմպերի որոշակի նվազում` հաշվի առնելով ստեղծված տնտեսական իրավիճակը», – ասաց Միհրանյանը «Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա կարծիքով` ստորագրված բազմաթիվ համաձայնագրերը կկատարվեն ամբողջական ծավալով, այն հաջորդականությամբ և արագությամբ, որով հայկական կողմը արդյունավետ նախագծեր կտրամադրի ։

«Ներդրումները պետական մակարդակով, բնականաբար, նվազագույնի կհասցվեն, այսօրվա դրությամբ խոսքը մեծ մասամբ կորպորատիվ ներդրումների մասին է։ Այս իմաստով Հայաստանն առավելագույն հնարավորություններ ունի, քանի որ ռուսական կապիտալն աշխատում է Հայաստանում, այն բավականին լայն է ներկայացված», – ասաց Միհրանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների թվում է ղազախական կապիտալի ներգրավումը, որը դեռևս չի յուրացնել Հայաստանի շուկաները, եվրասիական, եվրոպական և արաբական երկրների կապիտալի համագործակցության ձևավորումը, որոնք ներկայացված են Հայաստանում իրենց բանկերով և հիմնադրամներով։

«Նման կերպ Հայաստանը կբավարարի ներդրումային ռեսուրսների հարցում իր պահանջմունքները։ Հաշվի առնելով հայկական ֆինանսական հատվածի հնարավորությունները, լիբերալության և տարբեր ֆինանսական կառույցների ներկայացված լինելու աստիճանը` Հայաստանը կարող է դառնալ երրորդ երկրներից լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ձևավորման ինքնատիպ աղբյուր` ԵՏՄ մյուս երկրների նախագծերի երկարատև ֆինանսավորման հարցերը լուծելու համար», – ասաց Միհրանյանը։

Մեկնաբանելով ԵՏՄ–ին անդամակցելուց հետո երեք ամսում դրական արդյունքներին սպասելը` Միհրանյանը նշեց, որ դրանք չարդարացված և չափազանցված սպասումներ են։

«Եվրասիական ինտեգրումը չի լուծում ազգային տնտեսությունների խնդիրները։ Այն տրամադրում է հնարավորությունների պատուհան, շանս։ Կարող եմ կանխատեսել հետևյալը` կես տարի հետո մենք կկարողանանք զգալ առևտրային հոսքերի ծավալների փոփոխություն, քանի որ դա համընկնում է գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային ծավալների հետ։ Հնարավոր է, որ արդեն կլուծվեն Լարսի «կանաչ միջանցքի», լոգիստիկայի հարցով այլ պատուհանների խնդիրները, կլուծվեն արտադրական համագործակցության հարցերը, որոնք այսօր բանակցությունների փուլում են գտնվում», – ասաց Միհրանյանը։

Նա նշեց, որ կես տարի հետո հնարավոր կլինի խոսել տեղաշարժի մասին առևտրային շրջանառության հարցում, բանակցությունների սկզբի մասին ընդհանուր արդյունաբերական և գյուղատնտեսական համագործակցության հարցում։ 2015 թ.–ի վերջում արդեն կսահմանվեն փոխգործակցության, համագործակցության և ինտեգրման կոնկրետ ուղղություններ։

Խնդիրների թվում, որոնց հետ Հայաստանը բախվեց ԵՏՄ–ի շրջանակում, Միհրանյանը նշեց վճարահաշվարկային ընթացակարգերի ձևակերպման, տեխնիկական կանոնակարգի և կազմակերպման հետ կապված հարցերը։

«Այդ խնդիրները կապված են անցումային շրջանի հետ։ Ադապտացիոն մեխանիզմը մշակվում է կես տարվա ընթացքում, երբ ազգային օրենսդրությունը սկսում է հարմարվել տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմի համակարգին», – ասաց Միհրանյանը։

Տնտեսական գիտությունների դոկտոր, ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սվետլանա Գլինկինան իր հերթին հիշեցրեց, որ անկախ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից` ռուբլու արժութային փոխարժեքի փոփոխությունը բացասաբար կազդեր Հայաստանի տնտեսության վրա։

«Միայն համախմբվելով և մշակելով ընդհանուր գիտատեխնիկական քաղաքականություն` ԵՏՄ երկրները կարող են փորձել դուրս գալ ընթացիկ վիճակից։ Հայաստանն ունի հիանալի արտադրական հեռանկարներ դեղագործության, ոսկերչական արդյունաբերության, մեքենաշինության, հիդրոէներգետիկայի, ատոմային էներգետիկայի ոլորտներում, սակայն սպառման շուկաների կարիք ունի։ ԵՏՄ շուկան կարող է նման հարթակ դառնալ», – ասաց Գլինկինան։

Հայաստանը 2015 թ.–ի հունվարի 2–ին դարձել է ԵՏՄ լիիրավ անդամ։–0–