Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. պատգամավոր

22.01.2016, 17:40
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձնաշնորհն է, և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չպետք է միջամտի այս գործընթացներին, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
ԵԽԽՎ-ն չպետք է միջամտի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձնաշնորհն է, և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը չպետք է միջամտի այս գործընթացներին, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ից պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Հունվարի 25–ին ԵԽԽՎ–ում կներկայացվեն «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությունը դիտավորությամբ զրկվել է ջրից» հակահայկական երկու զեկույցները։

«Եվրոպայի խորհուրդը վերջին ժամանակներս, հատկապես ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման հետևանքով, ակտիվացրել է այս թեմայով քննարկումները: Ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը` իր վրա վերցնելով այսպիսի պատասխանատվություն, պետք է հստակ գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում է»,-ասաց Մելիքյանը:

Նրա կարծիքով, նմանատիպ հարցերի քննարկումը, այս, կամ այն խնդրի միակողմանի մեկնաբանումը և այդ զեկույցների ներկայացումը հանձնաժողովներում կամ լիագումար նիստում` պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-