Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման արդյունքներով։
«Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ: Համանախագահներն ափսոսանք են հայտնել շարունակվող և անիմաստ մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակների սրման վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական միջավայրի ստեղծմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ կպահանջի բոլոր կողմերից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս համատեքստում ԱԳՆ ղեկավարները կարևորել են բանակցային գործընթացն ակտիվացնելու համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլերի կարևորությունը։ Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել` ևս մեկ հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ։
Համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների ընթացքի մասին։–0–