Ղարաբաղյան հակամարտության միջնորդներն անհապաղ բանակցությունների կոչ են անում. հայտարարություն
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների(Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա), ինչպես նաև Ավստրիայի ներկայացուցիչները, որին 2017 թ.–ին փոխանցվելու է նախագահությունը և 2015 թ.–ին կազմակերպությունում նախագահող Սերբիայի ներկայացուցիչը, Վիեննայում կազմակերպված կազմակերպության մշտական խորհրդի նիստի ժամանակ վճռականորեն դատապարտել են ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծի երկայնքով իրավիճակի աննապադեպ սրումն ու կոչ են արել կողմերին անհապաղ բանակցություններ սկսել։
Նրանք ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին և կողմերից պահանջել են անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։
«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վատացումը վկայում է համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների անհրաժեշտության մասին` համապարփակ կարգավորմանը հասնելու նպատակով», – նշվում է ԵԱՀԿ–ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա) միջնորդական ջանքերին և ողջունել են նրանց ծրագրերը, որոնք ուղղված են հակամարտող կողմերի հետ ուղիղ խորհրդակցությունների շուտափույթ կազմակերպմանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–