Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

Բացասական զարգացումների դեպքում Հայաստանը դաշնակիցներից անհրաժեշտ օգնություն ստանալու իրավունք ունի. Բորդյուժա

18.06.2015, 15:27
Հայաստանը, որպես ՀԱՊԿ–ի լիիրավ և լիարժեք անդամ, իր դաշնակիցներից անհրաժեշտ օգնություն ստանալու իրավունք ունի, եթե երկրի տարածքում իրավիճակը բացասական զարգացում ստանա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցերին։
Բացասական զարգացումների դեպքում Հայաստանը դաշնակիցներից անհրաժեշտ օգնություն ստանալու իրավունք ունի. Բորդյուժա
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը, որպես ՀԱՊԿ–ի լիիրավ և լիարժեք անդամ, իր դաշնակիցներից անհրաժեշտ օգնություն ստանալու իրավունք ունի, եթե երկրի տարածքում իրավիճակը բացասական զարգացում ստանա, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցերին։

Պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ–ի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին` Բորդյուժան նշեց, որ այդ խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այդ գործընթացին այլ կառույցների միջամտությունը կարող է խառնաշփոթ առաջացնել։

«Մեր դիրքորոշումը հետևյալն է` ԼՂՀ խնդրի կարգավորման շրջանակում կան միջազգային մեխանիզմներ, այդ թվում` Մինսկի խումբը, որը զբաղվում է այդ ձգձգված հակամարտությունից դուրս գալու հարցերի մանրամասն ուսումնասիրմամբ, ինչպես նաև փնտրում է այդ խնդրի լուծումը` երկու կողմերի համար ընդունելի տարբերակով։ Ես խորապես համոզված եմ, որ այլ ինստիտուտները պիտի մասնակցություն չունենան, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի», – ասաց Բորդյուժան «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։  Տեսակապի միջոցով մամուլի կենտրոնին էին միացել նաև Աստանայի և Երևանի լրատվական հարթակները։

«Այսօր միջազգային հանրությունն այդ հակամարտության կարգավորման աշխատանքների գործառույթները տվել է, այսպես կոչված, Մինսկի խմբին, և նրանք դրանով զբաղվում են մանրամասնորեն։ Մենք, բնականաբար, գիտենք, ինչ է կատարվում, ստանում ենք սահմանին գրանցված փոխհրաձգության և Հայաստանի կողմից սպանվածների թվի վերաբերյալ տվյալները», – նշեց Բորդյուժան։

Նա ավելացրեց, որ ՀԱՊԿ–ն ունի այդ տվյալները, չի թաքցնում դրանք, տարածում է,  ուղղում է դրանք կազմակերպության անդամ–պետություններին, որպեսզի ղեկավարներն ու ուժային կառույցները հասկանան` ինչ է այնտեղ կատարվում։

«Մեզ համար շատ կարևոր է, քանի որ դա իսկապես բարդ ուղղություն է, և իրավիճակի այդպիսի բացասական զարգացումը հղի է վատ հետևանքներով, սակայն միջամտել կարգավորման գործընթացին մենք չենք կարող և իրավունք չունենք, այդպիսի մանդատ ՀԱՊԿ–ն չունի», – ասել է Բորդյուժան։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-