Հեղինակավոր The Economist-ը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. The Economist հեղինակավոր բրիտանական ամսաիգրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»։
««Տարվա երկիր» մեր ամենամյա մրցանակին է արժանանում ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ամենահամեղ խոհանոց ունեցող (ներիր, Ճապոնիա) երկիրը։ Այն ազդարարում է առաջընթաց», – նշվում է The Economist–ում հրապարակված հոդվածում։
Հոդվածի հեղինակները նշել են, որ Հայաստանի նոր ղեկավարությանը հաջողվեց թույլ չտալ բռնություն (իշխանափոխության ընթացքում, որը երկրում անվանեցին «թավշյա հեղափոխություն», խմբգր.)։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց երկարացնել իր կառավարման ժամկետը` դառնալով վարչապետ։
«Սակայն մարդիկ դուրս եկան փողոց` ի նշան բողոքի։ Խարիզմատիկ և մորուքավոր նախկին լրագրող ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության օրինական ճանապարհով` կոռուպցիայի և ոչ կոմպետենտության դեմ բողոքի ալիքի ֆոնին։ Արդյունքում կազմակերպված ընտրություններում նրա դաշինքը հավաքեց ձայների 70%–ը։ Ոչ ոք չսպանվեց։ Ռուսաստանին միջամտության առիթ չտվեցին», – նշվում է հոդվածում։
Միաժամանակ The Economist–ը նշում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տհաճ տարածքային հակամարտությունը դեռ չի լուծվել» և կարող է կրկին բռնկվել։
«Այդուհանդերձ, հնագույն և վատ ղեկավարվող ազգն անկայուն տարածաշրջանում ունի ժողովրդավարության և վերածննդի բոլոր շանսերը։ Այդ պատճառով Հայաստանը մեր «Տարվա երկիրն է», – գրում են հոդվածի հեղինակները` վերջում ավելացնելով «Shnorhavorum yem!»։–0–