Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Լեռնային Ղարաբաղի միացումը ՄՄ–ին հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից և նրա կարգավիճակի սահմանումից հետո. Խրիստենկո

07.11.2013, 18:37
Լեռնային Ղարաբաղի միացումը Մաքսային միությանը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից և նրա կարգավիճակի սահմանումից հետո, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Լեռնային Ղարաբաղի միացումը ՄՄ–ին հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից և նրա կարգավիճակի սահմանումից հետո. Խրիստենկո
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի միացումը Մաքսային միությանը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից և նրա կարգավիճակի սահմանումից հետո, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Երևանի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Եթե դա կատարվի և համապատասխան կերպով ձևակերպվի, ապա այդ դեպքում ... ամեն ինչ հնարավոր է միացման համար»,– ասաց Խրիստենկոն` պատասխանելով հարցին։

ԵՏՀ կոլեգիայի նախագահը միաժամանակ ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը խոչընդոտ չէ Հայաստանի անդամակցության համար ՄՄ–ին, և նույնիսկ կարող է բարելավել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Խրիստենկոն անդրադարձավ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը` ՄՄ–ին Հայաստանի միանալու որոշման վերաբերյալ։

Հոկտեմբերին Բլեառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ընդունելով Հայաստանին ՄՄ–ի կազմում` անհրաժեշտ է նաև հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ` հաշվի առնելով նրա ու Հայաստանի միջև առկա չլուծված տարածքային հարցերը։

Խրիստենկոյի խոսքով, ինքն իրավունք չունի մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը` նկատելով միաժամանակ, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ է միայն ՄՄ–ի մասնակիցների և անդամակցության թեկնածուի համաձայնությունը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։

Հայաստանը պատրաստ է գրեթե ողջ ծավալով ընդունել Մաքսային միություն մտնելու համար անհրաժեշտ պարտավորությունները, և այդ հարցի լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խումբն արդեն դեկտեմբերին կներկայացնի «ճանապարհային քարտեզը»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-