Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով, նշվում է ուրբաթ դաշինքից ստացված հաղորդագրության մեջ։
«Կոնգրես-ՀԺԿ դաշինքը որոշել է բողոքարկել ընտրությունների արդյունքների օրինականությունը և լիազորել ապրիլի 2-ի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանին ներկայացնելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը ԿԸՀ և Սահմանդրական դատարան՝ 2017թ․ապրիլի 2-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով»,– նշվում է հայտարարության մեջ։
«2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցան իշխանության կողմից կազմակերպված զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ: Այդ օրինախախտումները ներառում են. Սահմանադրության խախտմամբ ընտրությունների օրվա նշանակումը։ Ընտրակաշառքի զանգվածային բաժանումը, քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի ապօրինի հավաքումը, իրավապահ մարմինների անգործությունը: Ընտրողների ահաբեկումը, վարչական լծակներով և կրիմինալի ներգրավմամբ ճնշումների լայնածավալ կիրառումը: Ոստիկանության օժանդակությամբ ընտրողներին պարտադրված զանգվածային վերագրանցումների կատարումը», – նշվում է դաշինքի հայտարարության մեջ։
«Հերթական անգամ կոպտորեն ոտնահարվել է ժողովրդավարությունը և ընտրական գործընթացի լայնածավալ և կազմակերպված խախտումները բացառել են ժողովրդի ազատ կամարտահայտությունը` նպատակ ունենալով հանարավորություն տալ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը իրավական գնահատական տալու խախտումների մասին արձանագրված փաստերին», – նշում է դաշինքը։
Ըստ օրենսդրության, բողոքը սկզբում պետք է ներկայացվի ԿԸՀ։ Եթե ԿԸՀ–ն չբավարարի որոշումը, ապա դաշինքը կդիմի ՍԴ։
Ակնկալվում է, որ ԿԸՀ–ն որոշում կընդունի ապրիլի 9–ին։ Այս որոշումը կարող է բողոքարկվել համապատասխան վճռի հրապարակման 5–րդ օրը։
Ապրիլի 2–ին հանրապետությունում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները, որոնց մասնակցում էր հինգ կուսակցություն և չորս դաշինք։ Այս ընտրություններն ուշագրավ են նրանով, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ քվեարկությունը տեղի է ունենում 100 տոկոսանոց համամասնական համակարգով: Այս ընտրություններն առաջին համապետական ընտրություններն են 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք նախատեսում են անցում խորհրդարանական իշխանավարման գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտից հետո` 2018 թ.–ին։
ԿԸՀ նախնական արդյունքների համաձայն, բոլոր 2009 ընտրատեղամասերի տվյալների մշակումից հետո, խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է քվեների 49.12 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը» (27,32%), «Ելք» դաշինքը (7,77%) և ՀՅ Դաշնակցությունը (6,57%)։–0–