Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը թարմացրել է ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին տվյալները

19.03.2015, 20:46
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել  հինգշաբթի ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը թարմացրել է ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին տվյալները
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել  հինգշաբթի ադրբեջանական դիվերսանտների խմբի ոչնչացման մասին։

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս, ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում:

ԼՂՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում հայտնեցին նաև, որ համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները:

«Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ»,–ասված է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունում ավելացրեցին, որ հակառակորդը  մարտադաշտում  է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով:
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գա Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորները հոսպիտալացվել են: Նրանց ցուցաբերվել է համապատասխան բժշկական միջամտություն: Երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է, իսկ մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-