Միջնորդները կոչ են արել Բաքվին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները
27.01.2015,
21:48
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) երեքշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարություն են տարածել` կոչ անելով Բաքվին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/.ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիեն (Ֆրանսիա) երեքշաբթի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարություն են տարածել` կոչ անելով Բաքվին պահպանել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունները։
Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։
«Մենք նախարարին ենք հայտնել մեր մտահոգությունը շփման գծում և հայ ադրբեջանական սահմանագծում արձանագրվող դեպքերի առնչությամբ, որոնք հանգեցնում են նաև զոհերի: Անհրաժեշտ է դադարեցնել դեռևս նախորդ տարվանից սկիզբ առած բռնությունների աճը վստահության վերականգնման հնարավորություն ստեղծելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում առաջընթաց ձեռք բերելու համար։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահպանել խաղաղ կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները», – նշվում է հայտարարության մեջ։
Միջնորդները նաև կոչ են արել Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները` լարվածությունը թուլացնելու համար։ «Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին, քանի որ բռնությունները վտանգում են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը», – նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացի շարունակության ուղղությամբ առաջիկա քայլերը, ընդգծվել է համապարփակ բանակցությունների անհրաժեշտությունը, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում երկարատև խաղաղության։
Միջնորդները կարևորել են նաև միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան խուսափել շփման գծի ողջ երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանագծում հնարավոր միջադեպերից: «Մենք նաև քննարկել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շրջանակում անհայտ կորածների տվյալների փոխանակման առնչվող հարցեր», – նշվում է հայտարարության մեջ։
Համանախագահները նախատեսում են առաջիկայում հանդիպել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և այցելել տարածաշրջան։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-