Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կքննարկեն նախագահների հանդիպման կազմակերպման հարցերը

26.10.2016, 13:54
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոն հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23- 25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ` հայտնելով իրենց առաջիկա ծրագրերի մասին:
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կքննարկեն նախագահների հանդիպման կազմակերպման հարցերը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) հայտարարություն են տարածել հոկտեմբերի 23- 25-ը տարածաշրջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ` հայտնելով իրենց առաջիկա ծրագրերի մասին:

«Համանախագահները պլանավորում են հանդիպել արտաքին գործերի նախարարների հետ, այդ թվում, 2016 թվականի դեկտեմբերին Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ժամանակ` քննարկելու համար առաջին հնարավորության դեպքում նախագահների հնարավոր հանդիպումը», - նշվում է միջնորդների հայտարարության մեջ:

Այցի ժամանակ համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների հետ, ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի և ԼՂ իշխանությունների հետ: Համանախագահների այցի նպատակն էր այս տարվա ապրիլին աննախադեպ բռնությունից հետո ստեղծված իրավիճակի քննարկումը, ինչպես նաև կողմերի դիրքորոշման ճշտումը: 

«Հանդիպումների ժամանակ կողմերը հաստատել են, որ իրավիճակը հարաբերական հանգիստ է: Համանախագահներն ընդգծել են, որ հրադադարի ռեժիմի պահպանումը ապահովում է ընթացող բանակցությունների անհրաժեշտ հիմքը և կարևորել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունած որոշումների լիակատար իրականացումը», - նշվում է հայտարարության մեջ:

Համանախագահները նաև քննարկել են ներկա աշխատանքային առաջարկները` հասնելու առարկայական բանակցությունների հանուն տևական խաղաղության: Նախագահները նաև վերահաստատել են համաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման ուղղությամբ:

Տարածաշրջանային այցի ժամանակ համանախագահները նաև հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` քննարկելու համար կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակման աշխատանքների կազմակերպումը: -0-