Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանը

18.12.2015, 17:54
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։
Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկվել է ՀՀ զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանը

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Պաշտպանության նախարարությունում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2016-2020թթ. զարգացման պլանն ու Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը։ Խորհրդակցությունը վարել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը։

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, խորհրդակցության ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հնարավոր ռազմական գործողությունների վարման ձևերն ու եղանակները, Զինված ուժերի ղեկավարման համակարգն ու զարգացման հիմնական ուղղությունները, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով Զինված ուժերի շարունակական համալրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Անդրադարձ է եղել Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման նախորդ՝ 2011-2015թթ. պետական ծրագրի իրագործմանը։ Արձանագրվել է, որ այն կատարվել է ամբողջությամբ:

Նախագահն ընդգծել է, որ հայկական բանակը գերժամանակակից տեխնիկայով լայնորեն համալրման գործընթացին համահունչ, անհրաժեշտ է նույնքան ուշադրություն դարձնել այդ տեխնիկայի օգտագործման մասնագիտական կարողությունների անընդհատ կատարելագործմանը։

Հանրապետության նախագահը հանձնարարություններ է տվել Պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման վերաբերյալ` սահմանելով պլանավորման ղեկավար փաստաթղթերի կատարման վերաբերյալ հաշվետվողականության ժամկետներն ու կարգը:

Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ՀՀ նախագահին վստահեցրել է, որ զարգացման պլանի և սպառազինության ծրագրի իրականացումը, Զինված ուժերում նոր մոտեցումների ու սկզբունքների արմատավորումը թույլ կտան զգալիորեն ավելացնել բանակի մարտական կարողությունները, ապահովել ժամանակակից չափանիշներին համապատասխան զարգացումը՝ շարունակելով իրականացնել Հայաստանի և Արցախի հուսալի պաշտպանությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության և ֆինանսների նախարարներ Սեյրան Օհանյանն ու Գագիկ Խաչատրյանը, այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը և Զինված ուժերի հրամանատարական կազմը:–0–