Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Նախարարությունների թիվը, հնարավոր է, կրկնակի կրճատվի. Միրզոյան

14.11.2018, 15:11
Արարատ Միրզոյանն ասել է, որ նախարարությունների թիվը, հնարավոր է, կրկնակի կրճատվի։
Նախարարությունների թիվը, հնարավոր է, կրկնակի կրճատվի. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նախարարությունների վերակառուցվածքայնացման հարցը մնում է առանցքային վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կառավարության օրակարգում։ Նախարարությունների թիվը կարող է կրճատվել` հասնելով 9–ի, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Կա նախարարությունների թվի կրճատման մի քանի տարբերակ։ Մենք այսօր խոսում ենք գործող 17–ից ընդամենը 9–11 նախարարություններ թողնելու հնարավորության մասին», – ասաց Միրզոյանը։

Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է վերանայել պետական ապարատի բոլոր մարմինների գործառույթները և հնարավոր համարեց հարկ եղած դեպքում մի քանի կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների ձուլումը նախարարությունների հետ։

«Պետական ապարատի օպտիմալացման հարցում մեր ունեցած դիրքորոշումը չի փոխվել։ Մենք իսկապես ունենք կառավարման բավականին ուռճացված համակարգ, որի հետ զուգահեռ գործում են նաև այլ կառույցներ, որոնք իրականացնում են նույն գործառույթները, ինչ որոշ նախարարություններ կամ առանձին գերատեսչություններ», – ասաց նա։

Միրզոյանը հույս հայտնեց, որ նման օպտիմալացումն ու միաձուլումը հնարավորություն կտա էապես բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձը։

«Որոշ դեպքերում նախարարությունների աշխատակիցները ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան կառավարական կազմակերպությունների կամ հիմնադրամների աշխատակիցները։ Հույս ունենք, որ նման օպտիմալացումն էապես կազդի պետական ծառայողների աշխատավարձի և նրանց մոտիվացման վրա», – ասաց Միրզոյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ բարեփոխումների էությունը պետական ապարատի աշխատանքի արդյունավետության ավելացումն է։

«Իհարկե, մի դեպքում դա կարող է հանգեցնել ապարատի կրճատման, սակայն մյուս դեպքում կարող է ծագել նոր կադրերի անհրաժեշտություն։ Այդ պատճառով ողջ գործընթացը պետք է տեղի ունենա առավելագույնս պրոֆեսիոնալ և հիմնվի բացառապես լուրջ ուսումնասիրությունների և վերլուծության վրա։ Մեխանիկական կրճատման մասին որևէ խոսք լինել չի կարող», – ասաց Միրզոյանը։–0–