Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին և ԵՄ–ին` Հայաստանի միջուկային անվտանգության բարձրացման հարցում աջակցելու համար

06.11.2013, 19:52
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին և ԵՄ–ին`հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին և ԵՄ–ին` Հայաստանի միջուկային անվտանգության բարձրացման  հարցում աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ին և ԵՄ–ին`հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար, հայտնում են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԳԱՏԷ-ին և Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին։

«2012թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվեց էներգետիկայի, ներառյալ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը թույլ է տալիս մեր երկրների միջև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ավելի սերտ համագործակցություն զարգացնել: Այդ հուշագրի շրջանակներում արդեն իրականացվել է երկու հաջող նախագիծ»,– ասված է նախագահի խոսքում։

Ըստ հայկական պետության ղեկավարի, Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակում մասնագետներն արդեն սկսել են «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը:

«Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները: Հաշվետվությունը քննարկման է ներկայացված Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: Կոմիտեի փորձագիտական եզրակացության հետ այն մինչև այս տարեվերջ կփոխանցվի Եվրամիության համապատասխան մարմիններին»,– ասել է նախագահը։

Սեպտեմբերի 3–ին իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ ունեցած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ «Ռոսատոմի» մասնագետները պայմանավորվածություն են ձեռք բերել հայ փորձագետների հետ համատեղ ջանքերը կենտրոնացնել Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրականացման ուղղությամբ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հայկական հին ԱԷԿ–ի շահագործման նախագծային ժամկետի աշխատանքներն ավարտելու համար կպահանջվի առնվազն 150 մլն դոլար։

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ՀԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։–0–