Փաշինյանին զեկուցել են նպաստների ուշացման պատճառները. նա սպառնացել է պատժամիջոցներով

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ ներկայացրել է նպաստների ուշացման պատճառները:
«Վճարումների համար անհրաժեշտ ցուցակները և ֆինանսական միջոցները Պետական սոցիալական ապահովման հիմնադրամի կողմից ներկայացվել են ճիշտ ժամանակին, սակայն նոր համակարգի ներդրման ժամանակ տեխնիկական խնդիրներ են առաջացել փուլերից մեկի ժամանակ», - հայտնեց նա:
Այդ իսկ պատճառով, ըստ Բաթոյանի, խնդիրներ են առաջացել վճարումների ժամանակ` էլեկտրոնային ստորագրության և ID-քարտերի օգտագործմամբ:
«Պարոն վարչապետ, ուշացումը մի քանի պատճառ ունի, տեխնիկական գործընթացների հետ է կապված, բայց վճարման ցուցակների կազմման աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետներում», - ասաց Բաթոյանը:
Միաժամանակ նախարարը հնարավոր համարեց, որ հաջորդ ամիս նույնպես պես հնարավոր է նպաստների ուշացում տեխնիկական խնդիրների պատճառով:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին նշեց, որ մարտի 22-ից երկրում գործում են միայն Ekeng համակարգի էլեկտրոնային ստորագրությունները: Նա նշեց, որ կենսաթոշակային վճարումներ կատարող 10 հազար պետծառայողներից մինչև նշված ժամկետը էլեկտրոնայի ստորագրություն են ստացել միայն մոտ 3 հազարը:
«Փաստորեն, էդ տասը հազար հոգին պետական ծառայողներ են, բա ինչի՞ չեն կատարել հանձնարարականը։ Տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ ձեր ենթակաները չեն կատարել հանձնարարականները»,- հետաքրքրվեց վարչապետը, այնուհետեւ հավելեց. «Որ ասում ենք՝ պետական կառավարման համակարգում լիքը պարապ մարդ կա, ասում եք՝ չէ, այդպես չէ»:
Փաշինյանը կոչ արեց հանել այն պաշտոնյաների ցուցակը, թեկուզ դա լինի մի քանի հազար մարդ, ովքեր հանձնարարականը չեն կատարել ու նրանց պատճառով մարդիկ ժամանակին չեն ստացել նպաստները։
«Երբ առաջիկայում մենք համակարգի օպտիմալացման խնդիր կլուծենք, ուրեմն այդ մարդիկ պետք է լինեն այդ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվողների առաջին տողերում»,- ասաց վարչապետը։–0–