Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Չի կարելի ձևացնել, թե ՄՄ–ին միանալու որոշման պատճառով ոչինչ չի կատարվել. պատգամավոր

16.10.2013, 19:08
Չի կարելի ձևացնել, թե Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման պատճառով ոչինչ չի կատարվել` հաշվի առնելով Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման շուրջ քառամյա աշխատանքը, կարծում է եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
Չի կարելի ձևացնել, թե ՄՄ–ին միանալու որոշման պատճառով ոչինչ չի կատարվել. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Չի կարելի ձևացնել, թե Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման պատճառով ոչինչ չի կատարվել` հաշվի առնելով Եվրամիության հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման շուրջ քառամյա աշխատանքը, կարծում է եվրաինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք չպետք է ձևացնենք, թե ոչինչ չի կատարվել։ Ցավոք, բոլորս պետք է խոստովանենք այն կարևոր փաստը, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության համար լուրջ փոփոխություններ են կատարվել արտաքին քաղաքական դաշտում։ Եվ փոփոխությունները կատարվել են սեպտեմբերի 3–ին»,– ասաց նա «Արևելյան գործընկերության չորս տարիները։ Արդյունքներ և մարտահրավերներ. Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների հայացքները» համաժողովի բացմանը։

Զոհրաբյանը նկատեց նաև, որ խորհրդարանում արդեն կատակում են, որ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը պետք է վերանվանել եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ ՄՄ–ին և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանն ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր կստորագրի Եվրամիության հետ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում, որի նպատակը ԵՄ–ի մերձեցումն է Ուկրաինայի, Հայաստանի, Մոլդովայի և Վրաստանի հետ։

«Բոլորս հասկանում ենք, որ անվտանգության խնդիր ունենք։ Բայց պետք է նաև հասկանանք, որ ունենք մեկ այլ, ոչ պակաս կարևոր հատված` կապված անվտանգության հետ, կոռուպցիա, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, և այդ ամենը դանդաղ քայքայում է երկիրը։ Հնարավոր է, դա այդքան էլ տեսանելի և շոշափելի չէ, բայց մենք հասկանում ենք, որ այդ բլոկը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, և այստեղ մեզ համար շատ կարևոր է ԵՄ–ի հետ համագործակցությունը»,– նշեց նա։

«Ինձ համար` որպես պատգամավորի, Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է։ Այլ ուղի չեմ տեսնում»,– ավելացրեց պատգամավորը։


«Արևելյան գործընկերության չորս տարիները։ Արդյունքներ և մարտահրավերներ. Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների հայացքները» համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Չեխիայի դեսպանության և Գլոբալիզացման ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից։
-0-