Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

Հակամարտության կարգավորման որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Պոպով

18.12.2013, 12:03
Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա հակամարտության կարգավորման գործընթաց, որովհետեւ վերջիվերջո որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են, նախօրեին լրագրողներին Ստեփանակերտում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո։
Հակամարտության կարգավորման որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ. Պոպով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղը որոշակի փուլում պետք է վերադառնա հակամարտության կարգավորման գործընթաց, որովհետեւ վերջիվերջո որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են, նախօրեին լրագրողներին Ստեփանակերտում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքերով` հիմնարար սկզբունքների հիման վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես հետո շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել այդ հարցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Մեր այցելությունները Լեռնային Ղարաբաղ, հանդիպումները Բակո Սահակյանի հետ նշանակում են Ղարաբաղի ընդգրկում այն քննարկումներին, որոնք ընթանում են: Մենք հենց այնպես չենք այստեղ հանդիպում և խոսում գյուղատնտեսության, կամ այլ խնդիրների մասին, մենք նաև քննարկում ենք այն էական հարցերը, որոնք շոշափվում են նախագահների հանդիպմանը», – նշել է Պոպովը։

Նա հայտարարել է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև շփման գծում տիրող իրավիճակը։

«Ցավոք, ամեն ինչ այնքան լավ չէ, ինչպես ցանկանում ենք: Շարունակվում են մարդիկ զոհվել: Չնայած զոհերը բավականին քչացել են, բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր զոհ մեծ կորուստ և ցավ է: Մենք նախատեսում ենք վաղը պաշտպանության նախարարությունում շարունակել շփման գծում տիրող իրավիճակի թեման և քննարկել այն քայլերը, որոնք կարող են կայունացնել իրավիճակը սահմանին», – ասել է Պոպովը, հաղորդում է karabakh-open.info կայքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-