Փորձագետ. Փաշինյանին դժվար կլինի հաղթել խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/. Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին «նման թիմով դժվար կլինի հաղթել խորհրդարանական ընտրություններում»։ Այս մասին ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում հայտարարել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
«Հայաստանի քաղաքացիների էյֆորիան աստիճանաբար իր տեղը կզիջի արդեն այսօր դրական փոփոխություններ տեսնելու ցանկությանը և համապատասխանաբար հիասթափությանը», – ասաց նա։
Մելիք–Շահնազարյանի խոսքով, վարչապետի պաշտոնում Փաշինյանին ընտրելով` Հայաստանը չի հաղթահարի քաղաքական ճգնաժամը։
«Ամենայն հավանականությամբ երկրում իրավիճակի կայունության հույս կարող է արթնանալ միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո, որոնց արդյունքում հնարավոր կլինի դատել երկրի քաղաքական կուսակցությունների իրական կշռի մասին», – նշեց քաղաքագետը։
Նա նաև ավելացրեց, որ «այս պահին դեռ պարզ չէ` որ քաղաքական կուսակցությունն է ամենաուժեղը»։
«Մի կողմից ակնհայտ է, որ ընդդիմության առաջնորդ Փաշինյանը կարողացավ համախմբել հանրության լայն շերտերի և հասնել իշխանությունից ՀՀԿ–ի հեռացմանը, մյուս կողմից ակնհայտ է, որ խնդիրներ են առաջանում արդեն Փաշինյանի մոտ։ Նա ստիպված է համագործակցել այն կուսակցությունների և քաղաքական գործիչների հետ, որոնց հեղինակությունը Հայաստանում, մեղմ ասած, միանշանակ չէ», – ընդգծեց Մելիք–Շահնազարյանը։
ՀՀ ԱԺ–ն մայիսի 1–ի հատուկ նիստում մերժեց Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Հաջորդ օրը ՀՀԿ խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ մայիսի 8–ին նախատեսված վարչապետի ընտրություններում կսատարի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին։ Իսկ «Ծառուկյան» դաշինքն իր հերթին հայտարարեց, որ ընտրություններին կաջակցի ժողովրդի թեկնածուին։
Ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–