Քաղաքագետը` Փաշինյան-Ալիև հանդիպման հակասականության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը յուրահատուկ էր այն հանդիպումների համեմատ, որոնք անցկացվել են Հայաստանում իշխանափոխության իրականացումից առաջ: Միաժամանակ այդ հանդիպումը բավականին սովորական էր, քանի որ առանց կոնկրետ արդյունքների հանդիպումները շատ բնորոշ են բանակցային գործընթացին: Այդ մասին հինգշաբթի ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի-Արմենիա» լրատվական կենտրոնում անցկացված մամուլի ասուլիսում:
Հունվարի 22-ին Դավոսում կայացել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, որը տևել է մոտ 1,5 ժամ: Ավելի ուշ Փաշինյանը հայտնեց, որ բանակցությունների բովանդակությունը կապված էր բանակցային գործընթացի պատմության հետ: Նա հայտնեց նաև, որ մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:
Իսկանդարյանը նշեց, որ հայկական ԶԼՄ-ները, սոցիալական ցանցերը սովորություն ունեն խուճապի մատնվել Ղարաբաղին առնչվող յուրաքանչուր տեղեկատվական առիթների կապակցությամբ:
«Ղարաբաղյան հարցը զանգվածային գիտակցության և քաղաքական դիսկուրսների որոշիչն է: Նախորդ իշխանությունների ժամանակ ձևավորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում քաղաքական գործիչների փոխհարաբերությունների ինչ-որ մոդուս», - ասաց նա:
Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը տասը տարուց ավելի ներգրավված է եղել բանակցային գործընթացում և այդ ժամանակահատվածում ձեռք է բերվել փորձ, տեխնիկա և այլն` այն, ինչ դիվանագետներն անվանում են քիմիա»:
«Այնուհետև Հայաստանում կտրուկ փոխվել են բանակցային գործընթացում ներգրավված մարդիկ: Այդ նոր մարդը, ով չունի այդ տարիների փորձը, պետք է հիմա ձևավորի այդ մոդուսը, գտնի փոխգործակցության ճանապարհ: Մասնավորապես հիմա, երբ կա Մինսկի գործընթացը վերակենդանացնելու խնդիր: Այդ հանդիպումները բերում են փոխգործակցության ճանապարհների ձևավորմանը», - ասաց փորձագետը:
Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանի և Ալիևի` արդեն երրորդ հանդիպումը կրում է ոչ ֆորմալ բնույթ, ապա Իսկանդարյանը նշեց, որ փոխհարաբերությունների միակ ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, «մեղմ ասած, կիսամեռած էր նախորդ տարվա սկզբին»:
«Այն, ինչ կատարվում է հիմա, այդ ձևաչափի վերականգման, աշխատանքային դարձնելու փորձ է:Կարծում եմ, որ կլինի նաև պաշտոնական հանդիպում: Հիմք ունեմ մտածելու, որ այն, հնարավոր է, արդեն նախապատրաստվում է», - ասաց Իսկանդարյանը:-0-