Հայաստանի պետական գերատեսչությունների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են ԵՄ աջակցության գործիքները

Հայաստանի պետական գերատեսչությունների և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են ԵՄ աջակցության գործիքները

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական գերատեսչությունների և հանրապետությունում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են ԵՄ աջակցության գործիքները չորեքշաբթի Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած համաժողովի ընթացքում։

«Այսօրվա միջոցառման նպատակն է քննարկել ԵՄ աջակցության գործիքները, մասնավորապես` «Թվինինգ» (Twinning), TAIEX և SIGMA ծրագրերը, անդրսահմանային համագործակցությունը, ինչպես նաև նոր նախագիծը` Հարևանության և գործընկերության եվրոպական գործիքը (ՀԳԵԳ)», – համաժողովի բացումից առաջ լրագրողներին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նրա խոսքով` կքննարկվի ինչպես այդ գործիքների կիրառման  ներկա գործընթացը, այնպես էլ` առաջիկա քայլերը։

«Կան նոր շեշտադրումներ, որոնք կապված տարբեր ոլորտների հետ` մասնավոր հատվածի զարգացում, գյուղատնտեսություն, արդարադատության համակարգ, ապագայում կընտրվեն որպես առավել առաջնային», – ավելացրեց նա։

Միաժամանակ փոխնախարարը չնշեց Հայաստանին ԵՄ–ի կողմից տրամադրվող աջակցության գումարը։ «Դրամական արտահայտմամբ գնահատելը դժվար է, քանի որ օրինակ TAIEX գործիքը չունի Հայաստանի հարցում առանձին բյուջետային սեգմենտ և տրամադրվում է ընդհանուր բյուջեից` կախված երկրի ակտիվությունից», – նշեց Մելքոնյանը։


ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան ևս չնշեց ԵՄ –ի կողմից տրամադրվող աջակցության գումարը։ «Կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք այն ոլորտների վրա, որտեղ կարելի է համագործակցել, և քանի որ բյուջետավորման գործընթացը դեռևս չի ավարտվել, ես ձեռնպահ կմնամ թվեր հրապարակելուց», – ասաց նա լրագրողներին։

Նա նշեց, որ համաժողովին նախատեսվում է քննարկել ընթացակարգային հարցերը, որոնք կապված են Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշման հետ։

 «Մենք արդեն Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցության և գործընկերություն համաձայնագիր ունենք և փորձում ենք իրագործել վիլնյուսյան պայմանավորվածությունները, որոնք, մասնավորապես, կապված են գործողությունների ծրագրի հետ։ Տեխնիկական աջակցությունը, որը մենք քննարկում ենք, այս գործընթացի բաղկացուցիչ մասն է, և մենք կշարունակենք բանակցությունները հայ գործընկերների հետ համագործակցության կոնկրետ ոլորտների և մեր հնարավոր աջակցության շուրջ», – նշեց Հրիստեան։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։

Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է 2013 թ.–ի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:04 12.03.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×