Ռուսական կողմը Պերմյակովի դասալքության մասին պարտավոր էր տեղեկացնել հայ իրավապահներին. գլխավոր դատախազ
22.01.2015,
18:03
Ռուսական կողմը պարտավոր էր տեղեկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մասին, ով մեղադրվում է Գյումրիում ընտանիքի սպանության մեջ, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսական կողմը պարտավոր էր տեղեկացնել Հայաստանի իրավապահ մարմիններին ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի դասալքության մասին, ով մեղադրվում է Գյումրիում ընտանիքի սպանության մեջ, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ։
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Ռուսական կողմը պարտավոր էր տեղեկացնել հայկական կողմին զինված զինծառայողի դասալքության մասին։ Հիմա մենք պարզում ենք այդ հանգամանքը` արդյո՞ք նման տեղեկատվություն ստացվել է, թե ոչ», – ասաց Կոստանյանը։
Մեկնաբանելով Պերմյակովին ռուսական ռազմաբազայում պահելու մասին ռուսական կողմի հիմնավորումները, մասնավորապես այն, որ ՌԴ Սահմանադրությունը չի թույլատրում հանձնել ՌԴ քաղաքացիներին այլ երկրներին` նա նշեց, որ ռուսական բազայի տարածքը ՌԴ տարածքը չէ։
«Սակայն ռազմաբազայում գործում է ռուսական օրենսդրության իրավասունը, ինչը կարգավորվում է երկկողմ պայմանագրով», – նշեց նա։
Պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե, արդյո՞ք, ընթանում է քննություն Պերմյակովի կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի կապակցությամբ և կհարուցվի՞, արդյոք, քրեական գործ այդ փաստի առթիվ` Կոստանյանը նշեց, որ գոյություն ունի պայմանագիր, որը կարգավորում է ռուս սահմանապահների գործողությունները, ովքեր տեղեկացվել էին դասալքության մասին և օպերատիվ–հետախուզական միջոցառումների ընթացքում հայտնաբերել էին Պերմյակովին։
«Եթե դուք կարծում եք, որ սահմանապահները պետք է տեղեկացնեին Հայաստանի ԱԱԾ–ին ձերբակալման մասին և չեն արել դա, ապա մենք կդիտարկենք այդ հանգամանքը», – ասաց նա։
Նախօրեին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին։ Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:
Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:
Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): -0-