Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+19

Շփման գծում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն. ՀՀ նախագահ

02.04.2016, 20:27
Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Շփման գծում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./ԱՌԿԱ/. Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։

ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ` ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր:

Նիստի սկզբում Հանրապետության նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդի սադրիչ գործողություններին ի պատասխան ձեռնարկված գործուն քայլերը` կանխելու սանձազերծված ագրեսիան: Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ նախագահի ելույթը Ազգային անվտանգության խորհրդի նիստում.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ինչպես ձեզ հայտնի է, այս գիշեր՝ ժամը երեքի կողմերը, Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Սրանք 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո ամենախոշորամասշտաբ գործողություններն են, որ փորձեցին և հիմա էլ փորձում են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերը: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ իրավիճակը վերցնել հսկողության տակ և ոչ միայն իրավիճակը վերցնել հսկողության տակ, այլ նաև զգալի կորուստներ հասցնել հակառակորդին: Ընդ որում, հակառակորդն այդ ընթացքում օգտագործում էր ռազմական օդուժ, հրետանու բոլոր տեսակները և բոլոր տիպի զրահամեքենաները: Հակառակորդի կորուստները, ինչպես օդուժի, այնպես էլ հետևակի ու զրահատեխնիկայի, զգալի են: Մենք էլ ունենք կորուստներ. այս պահի դրությամբ 18 զոհ ունենք և 35-ին մոտ վիրավոր:

Միացյալ Նահանգներից վերադարձիս ճանապարհին պարբերաբար իրավիճակը ինձ զեկուցվել է, և համարում եմ, որ ընդունված որոշումները տեղին են, անհրաժեշտ և ճիշտ: Հայտնի է, որ Միացյալ Նահանգներ էի այցելել մասնակցելու Միջուկային անվտանգության գագաթնաժողովին և այդ Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել փոխնախագահ Բայդենի և պետքարտուղար Քերիի հետ: Նրանց կոչ եմ արել, որպեսզի սաստեն Ադրբեջանին՝ չխախտել հրադադարի կանոնները, բայց, ինչպես տեսաք, այդ հանդիպումից ընդամենը մի քանի ժամ հետո տեղի ունեցան իրադարձություններ, որ դեռևս հայտնի չեն, թե ինչի կվերաճեն: Այս պահին սադրանքները շարունակվում են. հյուսիսում և հարավում կա որոշակի լարվածություն, բայց, ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը:

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը գործում են ըստ նախապես մշակված պլանի, և որոշակի նախարարություններ, կարծում եմ, առանց աժիոտաժի, առանց որևէ լարվածության պետք է անցնեն ուժեղացված աշխատանքի, ուժեղացված ծառայության, ինչպես նախատեսված է մեր ծրագրերով: Միջոցներ են ձեռնարկվել սահմանամերձ շրջանի բնակչության անվտանգության ապահովման համար: Կարծում եմ՝ այդ միջոցները բավարար են, բայց ես համոզված եմ և առաջարկում եմ քննարկենք, որ մենք մեկ քայլ առաջ պետք է գնանք: Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ:

Բացի Զինված ուժերից իրենց գործը կատարում են մեր մյուս գերատեսչությունները. կապ է հաստատվել միջազգային կառույցների մեր գործընկերների հետ: Այնուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, մեր խնդիրները մենք պետք է լուծենք և բնավ չթերագնահատվելով որևէ մեկի օգնությունը: Հիմա Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը հարցը կզեկուցեն ռազմական տեսանկյունից, Արտաքին գործերի նախարարի տեղակալը՝ դիվանագիտական ջանքերի մասին, այնուհետև կընդունենք համապատասխան որոշումներ»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ`հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտեր են տանում առաջնային գծի բոլոր ուղղություններով` հակառակորդին կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ պատճառելով։ Մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել են հակառակորդի երկու ուղղաթիռ, չորս տանկ, երկու անօդաչու թռչող սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի մարդկային կորուստ:–0–