Рейтинг@Mail.ru
USD
385.06
EUR
436.58
RUB
4.8024
GEL
140.61
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Ռուսաստանի օրվա նախօրեին Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում կազմակերպվել է տոնական միջոցառում

11.06.2015, 15:11
Ռուսաստանի օրվա տոնակատարությանը նվիրված «Բաց դռների օր»  է կազմակերպվել Հայսաստանի «Էրեբունի» ռազմակայանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիաբազայում։
Ռուսաստանի օրվա նախօրեին Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում կազմակերպվել է տոնական միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի օրվա տոնակատարությանը նվիրված «Բաց դռների օր»  է կազմակերպվել Հայսաստանի «Էրեբունի» ռազմակայանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ավիաբազայում։

Հավաքվածներին տոնի առթիվ շնորհավորեց 102–րդ ռուսական ռազմակայանի հրամանատար, գեներալ–մայոր Վլադիմիր Ուստինովը` նշելով, որ հունիսի 12–ը ազատության և քաղաքացիական խաղաղության, բոլոր մարդկանց բարի համաձայնության տոնն է։

«Սա միասնության և համախմբվածության տոն է։ Անկախության հռչակագրի ընդունումից սկսվեց Ռուսաստանի նոր պատմությունը, թևակոխվեց ևս մի փուլ։ Ժողովուրդը համախմբվեց` հանուն պատմության, բազմազգ մշակույթի պահպանման` հզոր պետություն, արդար հասարակություն կառուցելու համար», – ասաց Ուստինովը։

Նրա խոսքով` Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն, նրանք միասին հաղթել են Հայրենական պատերազմում։

«Մեր և մեր երեխաների ապագան մեր ժողովուրդների միասնականության մեջ է։ Պետք է պահպանենք և ամրապնդենք մեր նախնիների կողմից հիմնված ավանդույթներն ու արժեքները», – նշեց Ուստինովը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը` նշելով, որ այս տոնը մարմնավորում է ռուսաստանցիների` ճշմարտության և արդարության ձգտումը, սեփական հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, փոխօգնությունն ու աջակցություն ցուցաբերելու կարողությունը։

«Այս արժեքները համախմբում են ռուս և հայ ժողովուրդներին նաև այսօր», – ասաց Տոնոյանը։

Հանդիսավոր միջոցառումների շրջանակում ՀՌՕ–ի ռուսական ավիաբազայի օդաչուները և Հայաստանի ՊՆ բանակային ավիացիան հյուրերին ներկայացրեցին ցուցադրական ավիաշոու` բարձր պիլոտաժային հնարքների կատարմամբ։ Հայաստանի պարաշյուտային սպորտի հավաքականի մարզիկները կատարել են թռիչքներ օդապարիկային համակարգի տարբեր ձևերով։

Էրեբունի օդանավակայանում կազմակերպվել էր նաև ավիացիոն տեխնիկայի ցուցահանդես, որի շրջանակում ներկայացվեցին ՄիԳ-29ԲԹԿ ինքնաթիռները, Մի-8 և Մի-24 ուղղաթիռները։

Ռուսական ռազմաբազային հետախույզներն անցկացրեցին ցուցադրական ներկայացումներ` բանակային զենքով և ձեռքի տակ գտնվող ձեռամարտի պարագաներով։ Տոնական ծրագրով նաև ելույթ ուենցան կասկադյորների հայկական կազմակերպության ներկայացուցիչները և հանրապետության գեղարվեստական համույթները։  

Տոնական միջոցառման ընթացքում կկազմակերպվել է նաև համերգ` Ռոստովից հատուկ ժամանած ՀՌՕ–ի երգի և պարի համույթի մասնակցությամբ։

Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ռուսական դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ` ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի գլխավորությամբ։ –0–