Վարչապետը ՀՀ արդարադատության փոխնախարար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը չորեքշաբթի ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ` հունիսի 19-ին, Հայաստանի արդարադատության նախարար էր նշանակվել Ռուստամ Բադասյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թ.-ի օգոստոսի 27-ին Սևան քաղաքում: 1998-2002 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, 2004 թ.ին ստացել է մագիստրոսի աստիճան: 2006-2008թթ. սովորել և ավարտել է Հյուսիսային համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ, ունի բակալավրի աստիճան:
2004- 2009թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ, 2009 մարտ-հոկտեմբեր ամիսներին` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան, 2009-2011 թթ. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով, 2011-2014 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք), 2012-2014 թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով, 2014-2015թթ.` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ), 2015-2018թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018թ.-2019թթ.` Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր), 2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Անկուսակցական է, ամուսնացած չէ:-0-