Վարչապետը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակելու համար

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին դատարանները ապաշրջափակվելու համար:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook–յան իր էջում` կոչ անելով մայիսի 20–ին արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ «Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն: Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում», – գրել էր ՀՀ վարչապետը։
Այսօր առավոտյան ժամը 08։30–ից ակտիվիստները սկսել էին արգելափակել բոլոր դատարանների մուտքն ու ելքը։ Ժամը 12։00–ին վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտության ժամանակը։ Այսօր նա կոչ արեց ժամը 13։30–ից դադարեցնել դատարանների արգելափակման գործընթացը։
«Ոստիկանությունը զեկուցեց, որ ժամը 13.30-ին բոլոր դատարանները ապաշրջափակվել են: Շնորհակալ եմ ժողովուրդ ջան», - գրել է նա Facebook-ի իր էջում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով աղմկահարույց դատական գործընթացը մայիսի 18–ին նոր թափ ստացավ դատավոր Դավիթ Գրիգորյանի ընդունած որոշումից հետո։
Մայիսի 18–ին, Գրիգորյանը, քննելով Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու հարցը, որոշեց կալանքից ազատ արձակել Քոչարյանին` Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։ ԶԼՄ–ների տվյալներով, Սահակյանն ու Ղուկասյանը որպես գրավ վճարել են 500 հազարական դրամ (ավելի քան 1000 դոլար)։–0–