Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+14

Երևանը փոփոխություններ չի անկնալում Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման արդյունքում

26.11.2015, 15:09
Երևանը փոփոխություններ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման արդյունքում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
 Երևանը փոփոխություններ չի անկնալում Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման արդյունքում
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանը փոփոխություններ չի ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հարցում Սարգսյան–Ալիև հնարավոր հանդիպման արդյունքում, «Նովոստի-Արմենիա» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն դեկտեմբերի 1–ին Փարիզում։

«Դժվար է որևէ բան ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումից, եթե պաշտոնական Բաքուն շարունակի խոսել ուժի դիրքերից։ Սակայն որևէ բան մեկնաբանել հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հաստատվի հանդիպման մասին տեղեկությունը», – ասաց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ որոշակի տեղաշարժեր հնարավոր են, եթե Բաքուն հրաժարվի մաքսիմալիստական դիրքորոշումներից և իր համար ընդունելի որոշմանը հասնելու ուժային փորձերից։

«Քանի դեռ Ադրբեջանը նման ձգտում չունի, չեն լինի նաև հատուկ ակնկալիքներ», – ասաց Քոչարյանը։

Չնայած, ինչպես նշեց փոխնախարարը, դա չի նշանակում, որ նման ձևաչափով հանդիպումներ հարկավոր չեն։

Քոչարյանը նաև չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև բանակցությունների հավանականությունը։

«Քանի որ նախարարները կհանդիպեն բազմակողմ ձևաչափով, ապա նման հավանականությունը բացառված չէ», – ասաց Քոչարյանը։

Նոյեմբերի վերջին Թբիլիսիում տեղի կունենա «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպումը։ Արևելյան գործընկերության անդամ են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:  

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:  

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է:

1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-