ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կողմ են ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծմանը
ՄՈՍԿՎԱ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀԱՊԿ պետությունների ղեկավարները երեքշաբթի հանդես են եկել հայտարարությամբ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո` ընդգծելով ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Մոսկվայից։
Փաստաթղթում կարևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին ուղղված իրականացվող աշխատանքի շուտափույթ ավարտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ` միջազգային իրավունքի և սկզբունքների, ՄԱԿ–ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի չկիրառմանը և ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:05 23.12.2014