Рейтинг@Mail.ru
USD
394.35
EUR
413.87
RUB
3.8
GEL
139.79

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայ զինվորի մահվան մասին տեղեկությունը ողբերգական է որակել

30.01.2014, 12:31
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողբերգական է համարում ԼՂՀ–ի և Ադրբեջանի շփման գծում հայ զինվորի մահվան մասին տեղեկությունը։
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը հայ զինվորի մահվան մասին տեղեկությունը ողբերգական է որակել
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողբերգական է համարում ԼՂՀ–ի և Ադրբեջանի շփման գծում հայ զինվորի մահվան մասին տեղեկությունը։

Քսանամյա Կարեն Գալստյանը մահացել էր ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։

«Հայ զինվորի մահվան մասին տեղեկությունը ողբերգական է։ Իրավիճակի սրացումը  վնասում է խաղաղության հեռանկարը»,– Twitter–ի միկրոբլոգում գրել է Ուորլիքը։

Նախորդ շաբաթ տեղեկություն էր հրապարակվել, որ ադրբեջանցի զինծառայողները գնդակոծել են Տավուշի մարզի մի շարք գյուղեր, վիրավորվել էր սահմանամերձ Այգեպար գյուղի 16–ամյա մի բնակչուհի։

Հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը ադրբեջանական Զինված ուժերը դիվերսիոն խմբերի միջոցով ԼՂՀ տարածք ներթափանցելու անհաջող փորձեր էին կատարել, սակայն հետ էին շպրտվել ելման դիրքեր` կորուստներ կրելով։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել էր ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ ԼՂՀ պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած քաջության համար Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանի նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-