Ադրբեջանի ագրեսիան ոչ թե լայնածավալ պատերազմ է, այլ բավականին կտրուկ ակցիա. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանի ագրեսիան ոչ թե լայնածավալ պատերազմ է, այլ դիմակայության մակարդակով բավականին կտրուկ ակցիա, շաբաթ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով, մասնավորապես, ԼՂՀ պաշտպանության բանակի ՀՕՊ ուժերը շփման գծի հյուսիսային հատվածում խոցել են ադրբեջանական մեկ ուղղաթիռ, որը գրոհել էր հայկական դիրքերը։
«Այս պահին Ղարաբաղից ունեցած տեղեկության համաձայն, դա այդքան էլ նման չէ պատերազմի։ Պատերազմի մեկնարկը կլիներ դիմային հարձակումն Արցախի հետ շփման գծի ողջ ճակատով»,– ասաց Իսկանդարյանը։
Նա նշեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումն ապակառուցողական անվանեց, և Ադրբեջանը միանգամից ռազմական գործողություններ է սկսում։
«Կարելի է, իհարկե, այսքան անգրագետ ձևով լայնածավալ պատերազմ սկսել, սակայն ինձ թվում է, որ դա հերթական, բայց դիմակայության մակարդակով բավականին կտրուկ ակցիա է, որը բարձրացնում է դիմակայության մակարդակը։ Իսկ եթե այդպես է, ապա ակնհայտ է, որ հրաման է տրվել, և կարելի է ենթադրել, որ հրամանը տվել է Ալիևը Վաշինգտոնից` ելնելով այնտեղ ունեցած իր խնդիրներից»,– ասաց Իսկանդարյանը։
Քաղաքագետն ասաց, որ անհրաժեշտ է հետևել իրավիճակին և իրադարձությունների զարգացմանը` նշելով, որ, եթե իր ենթադրությունները ճիշտ են, և սա պատերազմի սկիզբ չէ, ապա` միանշանակ կարելի է ասել, որ այս գործողությունների վերաբերյալ որոշումը կայացվել է ազգային մակարդակով:
Ընդ որում, նա նշեց, որ ղարաբաղյան կողմն արժանի պատասխան է տալիս, ինչի հետևանքով Ադրբեջանը բավական լուրջ կորուստներ է կրում:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի ազդեցությանը ղարաբաղյան հարցի կարգավորման վրա, ապա, նրա խոսքով, հարկավոր է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:
«Չեմ կարծում, որ մինչ օրս հարցի կարգավորումը որևէ հեռանկար ուներ, սակայն Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քչացնում է, նախևառաջ, իր հնարավորությունները», - ասաց Իսկանդարյանը:
Նա նաև նշեց, որ նման գործողություններից հետո անպայման կհետևեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները: -0-