Ադրբեջանն օգտագործում է արցախցի ռազմագերուն քարոզչական նպատակներով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանն օգտագործում է հակառակորդի կողմն անցած արցախցի ռազմագերուն քարոզչական նպատակներով, ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի եթերում։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, մարտի 22–ին Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, թողնելով զենք ու զինամթերքը հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ ժամկետային զինծառայող, շարքային Անդրանիկ Գրիգորյանը։ Երկուշաբթի ադրբեջանական ԶԼՄ–ները Գրիգորյանի մասնակցությամբ տեսանյութ են տարածել։
«Ադրբեջանն օգտագործում է ռազմագերիներին իր հակահայկական քարոզչության հաստատման համար։ Այսինքն, նստեցնում է նրանց տեսախցիկների առջև և ստիպում ասել այն, ինչ պետք է ադրբեջանական կողմին»,– ասաց Մելիք Շահնազարյանը։
Ըստ նրա` դա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն ստիպում է Ադրբեջանի տարածքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին ելույթ ունենալ տեսախցիկների առջև որոշակի հայտարարություններով։
«Այսպիսով, Ադրբեջանը ցույց է տալիս իր քաղաքականության հետևողականությունը, այն, որ նա կանգ չի առնի ոչնչի առջև իր նպատակին հասնելու համար»,– ավելացրեց նա։
Քաղաքագետը միաժամանակ ընդգծեց, որ հայկական բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը բավականին բարձր մակարդակի վրա է և խորհուրդ տվեց տեղական ԶԼՄ–ներին` չտարածել ադրբեջանական քարոզչությունը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
21:50 23.03.2015