Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայկական ԱԷԿ–ում անվտանգության ապահովումը շատ հուսադրող է. ԱՄՆ պետդեպարտամենտ

07.04.2014, 19:14
Հայկական ատոմակայանում անվտանգության ապահովումը շատ հուսադրող է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության Զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Ջեֆրի Ադլըմը։
Հայկական ԱԷԿ–ում անվտանգության ապահովումը շատ հուսադրող է. ԱՄՆ պետդեպարտամենտ
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայկական ատոմակայանում անվտանգության ապահովումը շատ հուսադրող է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության Զանգվածային ոչնչացման զենքերի կիրառմամբ ահաբեկչության դեմ պայքարի բաժնի պետ Ջեֆրի Ադլըմը։

Ադլըմի գլխավորած պատվիրակությունը նախորդ շաբաթ Երևանում երկօրյա բանակցություններ է վարել Հայաստանի իշխանությունների հետ՝ միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ, և այդ բանակցությունների արդյունքում Ջեֆրի Ադլըմը բարձր գնահատեց Հայաստանի կառավարության ջանքերը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում ու ընդհանրապես այդ հարցում հայ - ամերիկյան համագործակցությունը:

«Մենք շատ գոհ ենք Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովմամբ: Հայկական ԱԷԿ-ում օգտագործվում է ցածր հարստացված ուրան, և այն շատ խիստ վերահսկողության ներքո է: Հայաստանի իշխանությունները շատ լավ են պահպանում այդ նյութերը», - ասել է Ադլըմը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ մաքսանենգ խմբերը կամ հանցավոր խմբերը կարող են Հայաստանի տարածքով մաքսանենգ միջուկային նյութեր փոխադրել, կամ այս տարածաշրջանի սև շուկայում հարստացված ուրան կարող է լինել՝ մնացած դեռ Խորհրդային Միությունից:

2008 թվականի հուլիսին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև փաստաթուղթ է ստորագրվել միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների մասին:

Ջեֆրի Ադլըմը փոխանցել է, որ իրենց երևանյան այցի ընթացքում Հայաստանի իշխանություններին միջուկային մաքսանենգության դեմ պայքարում ավելի սերտ համագործակցության առաջարկ են արել: Ամերիկյան կողմը առաջարկել է թրեյնինգներ անցկացնել հայաստանյան իրավապահների համար և օգնել հատուկ լաբորատորիայի ստեղծման գործում, որը պետք է կիրառվի միջուկային մաքսանենգության դեմ պայքարում։

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։–0–