Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+27

ԼՂՀ–ն կրկին առաջարկում է քննարկել շփման գծում վստահության և անվտանգության ամրապնդման քայլերի փաթեթը

13.05.2014, 10:55
Արցախի Հանրապետությունը կրկին առաջարկում է քննարկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վստահության և անվտանգության ամրապնդման քայլերի փաթեթը, ասվում է ԼՂՀ ԱԳՆ–ի հրապարակած հայտարարությունում։  
ԼՂՀ–ն կրկին առաջարկում է քննարկել շփման գծում վստահության և անվտանգության ամրապնդման քայլերի փաթեթը
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետությունը կրկին առաջարկում է քննարկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վստահության և անվտանգության ամրապնդման քայլերի փաթեթը, ասվում է ԼՂՀ ԱԳՆ–ի հրապարակած հայտարարությունում։  

Հայտարարությունում նշվում է, որ ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով, սակայն, դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից:

«Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ»,– ընդգծվում է փաստաթղթում։

Հայտարարությունում նշվում է, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ և խաթարում են համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։

ԼՂՀ ԱԳՆ այդ կապակցությամբ նշում է, որ միայն 2014 թվականի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։

«Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։ Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները և նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները լոկ բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը և հեռացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: Մենք խորապես համոզված ենք, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և ամուր հիմք կծառայի կայուն և վերջնական խաղաղության հաստատման համար»,– ընդգծում է ԼՂՀ ԱԳՆ–ն։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-