Ալեն Սիմոնյան. Բաքվի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը «լայն դռներ» է բացում Երևանի համար
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը մեծ հնարավորություններ եւ լայն դռներ է բացում մեր երկրի առջև՝ հզորացնելու տնտեսությունը, զարգացնելու կրթությունը եւ ամրապնդելու անվտանգությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանը շնորհավորել է երիտասարդներին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և վստահություն հայտնել, որ միասին կկերտենք անվտանգ, արդար ու բարեկեցիկ Հայաստան, որտեղ երիտասարդները կկարողանաքն իրականացնել իրենց երազանքները՝ առանց սահմանափակումների, անորոշությունների ու վախերի:
«Եկեք միասին քայլենք դեպի համերաշխություն եւ խաղաղ ապագա: Այս օրն ավելի հիշարժան ու առանձնահատուկ է դառնում մեր երկրի համար օրեր առաջ տեղի ունեցած նշանակալի իրադարձությամբ: Ձեր սերունդն է լինելու հարատեւ խաղաղության ամենամեծ կառուցողն ու պահապանը»,- ասել է Սիմոնյանը։
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։
Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։