Հայաստանը հույս ունի, որ իր անդամակցումը ԵՏՄ–ին փոխշահավետ կլինի անդամ–պետությունների համար

Հայաստանը հույս ունի, որ իր անդամակցումը ԵՏՄ–ին փոխշահավետ կլինի անդամ–պետությունների համար

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հույս ունի, որ իր անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը փոխշահավետ հեռանկարներ կստեղծի բոլոր անդամ–պետությունների համար, ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսի 29–ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1–ից։ Հայաստանը շուտով ԵՏՄ–ի լիիրավ անդամ կդառնա ։

«Ինչ վերաբերում է Հայաստանի եվրասիական ինտեգրմանը, անհրաժեշտ եմ համարում նշել, որ Հայաստանը կատարել է ճանապարհային քարտեզում շարադրված բոլոր պահանջները։ Մենք ակնկալում ենք ռուսական կողմի օժանդակությունը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման համաձայնագրի ստորագրման և վավերացման հարցում»,– ասել է Սահակյանը Պետդումայում պալատի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Մաքսային միությանը Հայաստանի մասնակցությունը փոխշահավետ հեռանկարներ կստեղծի բոլոր անդամ–պետությունների համար»,– ավելացրել է Սահակյանը։

Նա նշել է նաև, որ ՌԴ–ի և Հայաստանի միջև հարաբերությունները վերելք են ապրում, բարենպաստ պայմաններ են ստեղծվել ռուսական ներդրումների համար։ «Վերջին տարիներին նկատելիորեն աճել է միջխորհրդարանական կապերի մակարդակը, իսկ խորհրդարանների միջև կապերը կանոնավոր բնույթ են կրում»,– ընդգծել է հայ խորհրդարանականը։

Սահակյանը նշել է նաև մարդասիրական ոլորտի, ինչպես նաև ուսանողական փոխանակման ծրագրերի համագործակցության լավ մակարդակը։ «Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերություններն արտացոլվում են նաև մեր երկրների համագործակցության մեջ միջազգային ասպարեզում... Պետք է ցավով նշեմ, որ ՀԱՊԿ մի շարք անդամների դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման շուրջ... չի համապատասխանում բանակցային գործընթացի ընդհանուր ոգուն, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում ընդունված փաստաթղթերին»,– ասել է նա։  

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն «հիրավի ռազմավարական են»։

«Դրա վկայությունն են քաղաքական ինտենսիվ կապերը` մեր երկրների նախագահների մակարդակով, բոլորովին վերջերս` մի քանի ամիս առաջ, կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, ստորագրվեց մեր երկրների միջև համաձայնագրերի մեծ փաթեթ, ինչպես նաև հաճախակի այցերը, բանակցությունները գործադիր իշխանության մակարդակով»,– ասել է ռուսական խորհրդարանի ստորին պալատի նախագահը։

Նա հիշեցրել է, որ վերջերս կայացել է երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը, որն անցկացվել է Նիժնի Նովգորոդում։ «Գիտեմ, որ հենց հայկական կողմն է բարձրացրել որոշ հարցեր, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի շուտափույթ վավերացումը»,– նշել է Նարիշկինը։ Նա հայտնել է, որ վերջերս այդպիսի համաձայնագիր է վավերացրել Պետդուման։ «Բացի այդ, վավերացվել է Հայաստանին նավթի, նավթամթերքի մատակարարումների համաձայնագիր»,– ավելացրել է ՊԴ խոսնակը։

Սահակյանն ընդգծել է, որ 2015 թվականին կնշվի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100–ամյա տարելիցը։ «Այդ սարսափելի հանցագործությունը պետք է ընդունվի և դատապարտվի ամբողջ միջազգային հանրության կողմից, ինչը կարևոր նշանակություն կունենա մարդկության դեմ ծանրագույն հանցագործությունների կանխման հարցում»,– ասել է նա։

Սահակյանի խոսքով` 2015 թվականին կկայանան այդ օրվան նվիրված մի շարք միջոցառումներ։ «Ապրիլին Երևանում կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով։ Պաշտոնապես հրավիրում եմ Ձեզ, պարոն Նարիշկին, մասնակցելու այդ համաժողովին, ինչպես նաև 2015 թվականի ապրիլի 24–ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին»,– ասել է Սահակյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:18 07.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×