Рейтинг@Mail.ru
USD
402.72
EUR
422.9
RUB
3.85
GEL
141.56

Երևանը Ադրբեջանի ղեկավարության խղճին է թողնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվութունը

31.01.2015, 16:08
Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է այն սադրանքների ողջ պատասխանատվությունը, որոնք իրականացրել է հակառակորդն անցած գիշեր շփման գծի արցախյան հատվածում,  Facebook սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Երևանը Ադրբեջանի ղեկավարության խղճին է թողնում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ներկայիս իրավիճակի ողջ պատասխանատվութունը
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է այն սադրանքների ողջ պատասխանատվությունը, որոնք իրականացրել է հակառակորդն անցած գիշեր շփման գծի արցախյան հատվածում,  Facebook սոցցանցի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Անցած գիշեր հակառակորդը կրկին դիմել է ոտնձգության, հատկապես արցախյան հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունները չեզոքացվել ու կանխարգելվել են: Կատարվածի ողջ պատասխանատվությունը մնում է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության խղճին», - նշել էր Հովհաննիսյանը։  

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ԼՂՀ ՊԲ  զինծառայողները շաբաթ օրը պատժիչ ակցիա են անցկացրել ԼՂՀ անվտանգության ապահովման նպատակով, որի արդյունքում շարքից դուրս են բերվել հակառակորդի երկու դիրքեր և մեկ ավտոմեքենա, հայտնում է ղարաբաղյան պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` օպերացիան անցկացվել է հունվարի 31-ին` ժամը 13:00-14:00-ի սահմաններում, շփման գծի արևելյան ուղղությամբ։

«Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը»,– ասվում, է հաղորդման մեջ։

Հունվարի սկզբից սրվել է իրավիճակն ադրբեջանական և ղարաբաղյան զորքերի շփման գծում և հայ–ադրբեջանական սահմանին։ Գրեթե ամեն օր տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, գնդակոծել է հայկական դիրքերն ու դիվերսիոն փորձեր է կատարել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-