Արմեն Գևորգյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱԱԽ քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի նշանակել է Ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար:
Երկրի նախագահի հրամանագրով, այսօր Արմեն Գևորգյանը, ով մինչ այդ բարձր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում, նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Նույն օրը նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան: «Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել», - մեջբերում է Սարգսյանի խոսքերը նախագահի մամուլի ծառայությունը:
Երկրի նախագահի խոսքով, այդ ընթացքում Գևորգյանն առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են:
«Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում», - ասել է նախագահը:
Նա հիշեցրել է, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր:
Արմեն Գևորգյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է Գևորգյանը: Նա ավելացրել է, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ և համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է:
Գևորգյանը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն և բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջև դրված պարտականությունները:
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2014 թ.-ի ապրիլի կեսերից, երբ Տիգրան Սարգսյանի կոալիցիոն կառավարությունից հետո պաշտոնը լքել է «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:
Արմեն Գևորգյանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 8-ին, Երևանում: 1993 թ.-ին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։ 1993-1996 թթ.-ին եղել է Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտը: Ասպիրանտուրան ավարտելուց հետո, պաշտպանել է գիտությունների թեկնածուական թեզը: 1995-1996 թթ.-ին համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդեռլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998 թթ.-ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։ 1998 թ.-ի ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006 թ.-ի փետրվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2007 թ.-ի հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Եղել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, գլխավորել է ռուս բարեգործ Ռուբեն Վարդանյանի կողմից ստեղծված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA): 2015 թ.-ի օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին: -0-