Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ-վրացական գործընկերության հետևողական ամրապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության գերակայություններից է, հայտարարել է Վրաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Վրաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:
Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:
ՀՀ նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա փխրուն կայունությունն ու խաղաղությունը մեծապես պայմանավորված են Հայաստան-Վրաստան համագործակցության արդյունավետությամբ և ամրությամբ: Նա ընդգծել է, որ երկու երկրները մշտապես հարգել են միմյանց որոշումները` գիտակցելով, որ յուրաքանչյուրի առաջնահերթ նպատակն է սեփական պետության ամրապնդումը և ուրախացել են դրանով, քանի որ Հայաստանն ու Վրաստանը ուժեղ են միմյանցով և միմյանց հետ:
«Մենք կարևորեցինք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի և տարբեր խմբերի աշխատանքը, պայմանավորվեցինք, որ պետք է ակտիվացնել այդ շփումներն ու փոխանակումներն: Սա հնարավորություն կտա այդ խմբերին քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները և, իհարկե, ձեռք բերել նոր պայմանավորվածություններ: Անդրադարձանք, անշուշտ, նաև Հայաստանի մասնակցությանը Եվրասիական տարածաշրջանում ծավալվող ինտեգրացիոն գործընթացներին: Մեր վրացի գործընկերներին ներկայացրեցինք այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, մասնավորապես՝ այս համատեքստում Վրաստանի հետ փոխշահավետ տնտեսական համագործակցության հեռանկարները», - ասել է ՀՀ նախագահը։
«Ես խորապես վստահ եմ, որ Վրաստանը հունիսի 27-ին ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար, որոնք տեսնում են իրենց մասնակցությունը եվրոպական շուկայում, ներդրումներ կատարել Վրաստանում և հակառակն եմ տեսնում՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո հեռանկար է բացվում այն վրացի գործարարների համար՝ ներդրումներ կատարելու Հայաստանում, ովքեր ունեն կամ կարող են ունենալ շուկա Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության այլ երկրներում», - ասել է երկրի ղեկավարը։
Տարածաշրջանային անվտանգության համատեքստում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը, միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը:
«Սա ևս չափազանց կարևոր հանգամանք է: Վրաստանի Նախագահի հետ մենք միակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունների համապարփակ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,– ընդգծել է նախագահը։
Նախագահը նշել է նաև հումանիտար համագործակցության կարևորությունը և նշել է, որ այդ համագործակցությունը հումանիտար ոլորտում կարևոր է նույնիսկ, քան համագործակցությունը տնտեսության ոլորտում, որովհետև երկու երկրները շատ երկար են ապրել այս տարածաշրջանում և բազմաթիվ են դեպքերը, երբ ունեցել են մշակութային ներթափանցումներ, այսինքն՝ հարստացել է և՛ վրացական մշակույթը, և՛ հայկական:
«Եվ, իհարկե, շատ շնորհակալ եմ Վրաստանի նախագահին, որ ընդունեց մեր առաջարկը՝ այսօր Թբիլիսիում անցկացնել համերգ՝ նվիրված մեծ արվեստագետ Սայաթ-Նովայի հոբելյանին, որի արվեստը, որի ստեղծագործությունն ամենավառ օրինակն է մշակութային փոխլրացման, մշակութային ներթափանցման: Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար և կրկնեմ՝ ուրախ եմ, որ գտնվում եմ եղբայրական Վրաստանում»,– եզրափակել է նախագահը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:01 18.06.2014