Արցախի շուրջ երկարաժամկետ լուծումներ են անհրաժեշտ, և պետք է փոխզիջումներ գտնել. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի շուրջ պետք է երկարաժամկետ լուծումներ գտնել, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Երկարաժամկետ լուծումներ են պետք Ղարաբաղի շուրջ։ Դրանք կարող են գտնվել բացառապես, կուզեի ընդգծել, որքան էլ տարօրինակ հնչի, բայց ուրիշը չեմ կարող ասել, քաղաքական միջոցներով։ Պետք է փոխզիջում գտնել»,– ասել է նա քաղաքացիների հետ ուղիղ կապի ժամանակ։
Ռուս առաջնորդը նշել է, որ դա «շատ զգայուն թեմա է», և «մենք պետք է շատ զգույշ մոտենանք դրան, բժշկական լեզվով ասած` չվնասել»։
«Դա հին խնդիր է, հին հակամարտություն, այն սառեցված է եղել։ Ցավոք, բռնության բռնկում կատարվեց, և մենք կանենք ամեն ինչ երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու նպատակով»,– ասել է նա։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
Պուտինը նշել է նաև, որ մի քանի տարի առաջ «ինձ գործնականորեն թվում էր, թե մենք մոտեցել ենք երկու կողմերից փոխզիջմանը, բայց, ցավոք, պարզվեց, որ դա այդպես չէ»։
«Մենք աշխատելու ենք միջազգային կառույցների շրջանակում և երկկողմանի կարգով շարունակելու ենք գործակցությունը, ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,– ընդգծել է նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-