Արթուր Վանեցյան. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի։ Այդ մասին երկուշաբթի կառավարության արտահերթ նիստից հետո հայտարարեց ԱԱԾ–ի տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը: Իսկ հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:
«ՀՀԿ–ից պատգամավոր, գեներալ ՄանվելԳրիգորյանի գործքվ քննությունը շարունակվում է։ Քննության շրջանակում պարզ կդառնա, թե ով և ինչ կապ է ունեցել այս գործի հետ, իսկ Գրիգորյանին ազատ չեն արձակի», – հայտարարեց Վանեցյանը։
Նա հայտարարեց նաև, որ եթե անգամ Գրիգորյանը վերադարձնի բոլոր գողացած միջոցները, նա միևնույնն է չի ազատվի քրեական պատասխանատվությունից։
«Քրեական օրենսգրքով` այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է միջոցների վատմանը, ապա դրանց վերադարձի դեպքում տվյալ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները չեն վերաբերում այդ դեպքերին։ ԱԱԾ–ն կատարել է իր գործը, և մենք պատրաստ ենք ամեն ինչում սատարել քննությանը», – նշեց Վանեցյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ ՀՀ ՔՕ 179–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ի կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։–0–