Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայրիկյանը վիրահատությունից հետո առաջին անգամ զրույցել է լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.02.2013, 19:45
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ գիշերը մահափորձ էր կատարվել, վիրահատությունից հետո առաջին հարցազրույցն է տվել լրագրողներին։
Հայրիկյանը վիրահատությունից հետո առաջին անգամ զրույցել է լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը, ում դեմ գիշերը մահափորձ էր կատարվել, վիրահատությունից հետո առաջին հարցազրույցն է տվել լրագրողներին։

Հիվանդանոցի ղեկավարությունը թույլ է տվել հիվանդասենյակ մտնել մի քանի լրագրողների։

«Իմ միակ ցանկությունն է, որ ինձ համար անհանգստացող մարդիկ իմանան, որ ես ինձ լավ եմ զգում, և շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես նախկինում եմ աշխատել»,– ասաց նա։

Հայրիկյանն ուսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել երեկ ժամը 23։30–ին Երևանի կենտրոնում` Տպագրիչների փողոցում, որտեղ գտնվում է նրա հայրական տունը։

Հայրիկյանին արդեն վիրահատել են, և նա արդեն ապաքինվում է։

Մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածով` մահափորձ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի նկատմամբ` նրա գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Պատժվում է տասից տասնհինգ տարի ազատազրկմամբ։

Ստեղծվել է համատեղ օպերատիվ–քննչական խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Գործը քննում է ԱԱԾ–ն։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—