Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է նախագահի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջին կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21.02.2013, 14:58
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջին կադրերը։
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է նախագահի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջին կադրերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման առաջին կադրերը։

Տեսանյութում երևում է, որ նրանք ողջունում են միմյանց, միմյանց որպիսություն հարցնում։ «Մի տեսակ տխու՞ր ես»,– հարցնում է նախագահը։

Հովհաննիսյանը պատասխանում է` «իրավատեր, իրավազոր»։

Այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի հարյուրավոր կողմնակիցները նստավայրի մոտ սպասում են Հովհաննիսյանին` վանկարկելով «Րաֆֆի` նախագահ»։
Իրավապահ մարմինների աշխատակիցները թույլ են տվել ցուցարարաներին Հովհաննիսյանին սպասել նախագահի նստավայրի շենքի մոտ։
Նախօրեին Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր կողմնակիցները սպասելու են, որ Սերժ Սարգսյանն «իշխանությունը ինքնակամ փոխանցելու» համար գա Ազատության հրապարակ։

Երեկ կայացած ասուլիսի ընթացքում ընտրությունների արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին մինչև չորեքշաբթի ժամանակ էր տվել ժողովրդի հաղթանակն ընդունելու համար։ Նա հայտարարել էր, որ համաձայն է Սարգսյանի հետ ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր հանդիպման` «իշխանությունը փոխանցելու հարցը քննարկելու համար»։ Հովհաննիսյանն ընդգծել էր, որ կպայքարի հաղթանակի համար սահմանադրական բոլոր ձևերով։ 

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը չորեքշաբթի հայտնել էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին իր համար հարմար ցանկացած ժամի։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով, Սարգսյանը հավաքել է ընտրողների քվեների 58.64 տոկոսը կամ 861378 քվե։ Նրա հիմնական մրցակիցը`Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է քվեների 36.74 տոկոս (539 674 քվե)։-0-