Рейтинг@Mail.ru
USD
388.08
EUR
430.96
RUB
4.8131
GEL
141.56
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ՄՄ–ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման ժամկետների մասին իր հայտարարությունը

18.04.2014, 14:27
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ուրբաթ հերքել է այն հայտարարությունը, որ Հայաստանն ապրիլի 29–ին Մինսկում Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիր կստորագրի, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է ՄՄ–ին Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրման ժամկետների մասին իր հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ուրբաթ հերքել է այն հայտարարությունը, որ Հայաստանն ապրիլի 29–ին Մինսկում Եվրասիական տնտեսական Գերագույն խորհրդի նիստում Մաքսային միությանը միանալու մասին պայմանագիր կստորագրի, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Ավանեսյանը լրագրողներին հայտնել էր համապատասխան փաստաթղթի ստորագրման մասին հինգշաբթի` ապրիլի 17–ին։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ապրիլի 29–ին ՄՄ–ին միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրում չի նախատեսվում։ Նմանատիպ ապատեղեկատվության տարածման մեղավորությունը վերցնում եմ ինձ վրա և այսուհետ, պատասխանելով հարցերին, կհստակեցնեմ, թե կոնկրետ որ պայմանագրերի ստորագրումն են նկատի ունեցել», – ասաց Ավանեսյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ ապրիլի 29–ին Մոսկվայում նախատեսվում է հնչեցնել ՄՄ–ին Հայաստանի միանալու մասին որոշումը, որը վերաբերում է ինչպես անդամակցության պայմանագրի, այնպես էլ ՄՄ–ին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզի» հիման վրա ժամկետների մասին որոշման նախապատրաստմանը։

Ավանեսյանը հայտնեց նաև, որ ապրիլի 25–ին նախատեսվում է ՄՄ–ին Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» ստեղծման աշխատանքային խմբի վերջին նիստը, որի կազմում են Մաքսային միության անդամ երեք երկրների և Հայաստանի ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը կամփոփի «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ կատարած աշխատանքները։

«Կախված ամփոփումներից` խումբն իր վերջնական դիրքորոշումը կներկայացնի ապրիլի 29–ին Մոսկվայում»,– ասաց նախարարի պաշտոնակատարը։

Ըստ նրա` Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը ՄՄ երեք անդամ երկրների միջև ծրագրվում է ստորագրել մայիսի վերջին։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն իր հերթին հայտնեց, որ ներկա պահին ընթանում են Հայաստանի` ՄՄ–ին և Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցությունները։

«Գործընթացը շատ արագ է շարժվում, և մենք նաև շատ օպերատիվ բանակցում ենք այն մասին, որ անհրաժեշտության դեպքում միանգամից միանանք Եվրասիական տնտեսական միությանը»,– ասաց փոխնախարարը։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով, որը բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։ -0-