Ավստրիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն ընդունեց. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավստրիայի դաշնային խորհրդարանը չորեքշաբթի հայտարարություն ընդունեց Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, Twitter–ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Նախօրեին Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որը վերաբերում է 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունը «ցեղասպանություն» ճանաչելուն։
«Հայոց ցեղասպանության հարցը կրկին հայտնվեց հասարակական ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բնութագրեց այն որպես XX դարի առաջին ցեղասպանություն, ինչի նկատմամբ Թուրքիան վրդովմունք արտահայտեց` Վատիկանից հետ կանչելով իր դեսպանին», – նշվում է հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության մի մասն ընկած է նաև Ավստրիայի վրա` հաշվի առնելով այն, որ Ավստրո–Հունգարիան Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը։
Խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հիշատակվում է նաև Օսմանյան կայսրության տարածքում բնակվող այլ քրիստոնյաների` ասորիների, արամեացիների, պոնտացիների, հույների ցեղասպանությունների մասին։
Մայիսի 12–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված պատարագի սկզբում Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ XX դարում մարդկությունը վերապրել է երեք «մեծ չլսված ողբերգություն»` Հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը։ Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն Պապի Հայտարարությունն անվանել է` անտեղի։
Մի քանի օր անց` ապրիլի 15–ին, Եվրոպական խորհրդարանը Ցեղասպանության մասին բանաձև ընդունեց։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:41 22.04.2015