Ազատ են արձակվել գիշերը բերման ենթարկված 66 անձանցից 61–ը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ոստիկանությունը չորեքշաբթի Խորենացի փողոցից բերման է ենթարկել 66 մարդու։
«Երեկոյան բերման է ենթարկվել 37 քաղաքացի, ևս 29–ը` գիշերը։ Հինգ հոգու գործերը փոխանցվել են Քննչական կոմիտե։ Մնացած բոլորն ազատ են արձակվել», – հինգշաբթի լրագրողներին տեղեկացրել են ոստիկանության մամուլի ծառայությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հուլիսի 27–ի լույս 28–ի գիշերը Ազատության հրապարակում անցկացվել է «Սասնա ծռեր» խմբավորմանը աջակցող բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները հետագայում երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց։ Ընդ որում, դեպի Խորենացի փողոց տանող բոլոր ճանապարհները արգելափակվել էին ոստիկանների կողմից:
Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել ակցիայի ժամանակ բոլոր բերման ենթարկվածներին, ինչպես նաև իշխանության հրաժարականը: Սակայն երբ լրացավ նրանց վերջնագրի ժամկետը, նրանք չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հետագա քայլերի շուրջ:
ԶԼՄ-ների տվյալներով, նախօրեին գիշերը ոստիկանությունը զանգվածային ձերբակալումներ է իրականացրել բողոքի ցույցի ժամանակ: Գիշերը ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ բերման ենթարկվածների մեծ մասը բաց է թողնվել, այդ թվում, աշխարհահռչակ կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` հանրաճանաչ դերասանուհի Արսինե Խանջյանը։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
15:43 28.07.2016