Ղարաբաղի օդային տարածքն իսկապես փակ է, սակայն միայն ադրբեջանական ՌՕՈՒ-ի համար. Բաբայան
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղի օդային տարածքն իսկապես փակ է, սակայն միայն ադրբեջանական ՌՕՈւ-ի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացումից հետո Ղարաբաղի «երկնքի» փակման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում: «Միգուցե նրանք ճիշտ են, քանի որ ադրբեջանական ՌՕՈւ-ի համար այդ տարածքն իսկապես փակ է: Այստեղ ոչ մի նորություն չկա, պարզապես հարկավոր է լինել ազնիվ և ավելացնել, որ տարածքը փակ է ադրբեջանական ՌՕՈւ-ի համար», - հայտարարեց Բաբայանը: Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ նա նշեց, որ ընդհանուր առմամբ այն կայուն է, սակայն ադրբեջանական կողմը չի դադարում գնդակոծել ուղղաթիռի ընկնելու վայրն ու սահմանի այդ հատվածը պահում է ինտենսիվ կրակի ներքո: «Ստեփանակերտը մեկ գնահատական ունի Ադրբեջանի գործողությունների համար, սա վանդալիզմի և ահաբեկչության հերթական ակտն է մի պետության կողմից, որն իր էությամբ դարձել է նացիստական: Մենք տեսնում եք, թե ինչպես են նրանք հալածանքի ենթարկում նաև իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մարդու իրավունքների պաշտպաններին, ընդդիմությանը: Այս ամենն ամբողջությամբ նացիստական պետության գործելաոճ է: Բոլոր այն պետությունները, որոնք նման գաղափարախոսություն են ընտրել, ագրեսիա են դրսևորել, վերջին հաշվով փլուզվել են և տանուլ են տվել սկսած բոլոր պատերազմները», - ընդգծեց Բաբայանը: Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ նախօրեին տարածած հայտարարությունը՝ Բաբայանը նշեց, որ այստեղ մի քանի պահ կա: «Հայտարարությունը հավասարակշիռ է, որևէ մեղադրանք չի հնչում գլխավոր մեղավորի հասցեին, սակայն ընդհանուր առմամբ մի գլխավոր փաստ կա՝ համանախագահները հերթական անգամ հաստատում են ուժային լուծման անընդունելի լինելը», - ասաց Բաբայանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չորեքշաբթի հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են արտահայտել իրադարձությունների համար, որոնք հանգեցրել են լրջագույն միջադեպի (ուղղաթիռի ոչնչացման), որն իր տեսակի մեջ առաջինն է 1994 թ.-ին հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի կնքումից հետո: Միջնորդները կոչ են արել կողմերին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և հիշեցրել են հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարտավորությունների մասին: Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին: Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ: 1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը: Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:41 13.11.2014