ՀՀԿ փոխնախագահ. «Հայաստանում բացառում եմ մայդանի հնարավորությունը»
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Իշխող ՀՀԿ–ի փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը համոզված է, որ երկրում մայդան չի լինի։
«Ես բացառում եմ մայդանը Հայաստանում, քանի որ ապավինում եմ ոչ միայն պետության լծակների օրինականությանն ու ուժին, այլ նաև իմ հայրենակիցների սթափ մտածելակերպին – «Արմենիա» հեռուստաընկերության եթերում «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասել է Աշոտյանը` մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրավիճակը։
Փետրվարի 12-ին ելույթ ունենալով ՀՀԿ–ի խորհրդի նիստում`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանի գործունեությունը` հայտարարելով, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ ՀՀ նախագահը նաև հանձնարարել էր բացահայտել Ծառուկյանի` խորհրդարանի նիստերից պարբերաբար բացակայելու պատճառները, քանի որ Ծառուկյանը 2013–2014թթ.–ին Ազգային ժողովի 145 նիստից մասնակցել է միայն չորսին, ինչպես նաև ստուգել Ծառուկյանի` միլիարդավոր դրամի հարկերը չվճարելու մասին խոսակցությունները։
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն առաջարկել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո` մեկ պայմանով, որ համաձայնի Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությանը։
«Օրենքը, Սահմանադրությունը խախտողը կպատժվի։ Մենք ժողովրդավարական պետություն ենք, սակայն դա չի նշանակում ամենաթողություն», – ասել է Աշոտյանն` ավելացնելով, որ ոչ մեկին չի թույլատրվի շահարկել ժողովրդի խնդիրները։
Խոսելով օլիգարխների կողմից իշխանության գլուխ կանգնելու վտանգի մասին` ՀՀԿ փոխնախագահը ներկայացրել է Ուկրաինայի օրինակը, որտեղ, նրա խոսքերով, օլիգարխիկ պայքար է ընթանում։ «Ուկրաինան ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ օլիգարխները գալիս են իշխանության։ Եվ չպետք է ասել, որ այնտեղ իրադարձությունները հրահրել են ռուսները, ամերիկացիները կամ եվրոպացիները։ Ուկրաինացիներն իրենք են դա արել միջկլանային պայքարով` չսանձելով իրենց օլիգարխներին քաղաքականության մեջ», – ասել է Աշոտյանը։
Նրա խոսքով` Ուկրաինայում, որտեղ որոշ տվյալներով, արդեն զոհվել է 50 հազար մարդ և քաղաքացիական պատերազմ է ընթանում, տեղի է ունեցել քաղաքականություն ներթափանցած տնտեսվարողների շահերի բախում։
«Ակնհայտ է, որ 3 միլիոնանոց Հայաստանը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ, այդ պատճառով այս ամենը կանխելու քայլերը լինելու են իրավական, իրավաչափ ու համարժեք», – ասել է Աշոտյանը։
Նա ավելացրել է նաև, որ օլիգարխները չեն կարող պայքարել մենաշնորհի դեմ և մնալ դեմոկրատներ։
«Այսօր կա առաքելություն` վարակազերծել քաղաքական դաշտն այն տարրերից, որոնք բացարձակ կապ չունեն քաղաքականության հետ», – ասել է ՀՀԿ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ նախագահն իր ելույթով փոխեց օրակարգը, առաջարկեց քաղաքական օրակարգ, որտեղ գերակա պետք է դառնան արժեհամակարգային և քաղաքակրթական նորմերը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կենտրոնամետ քաղաքական ուժ է` լիբերալ ուղղվածությամբ, այն ստեղծվել է 2004թ.–ին։ 2012թ.–ի մայիսի 6–ի ընտրությունների արդյունքում ձևավորված հինգերորդ գումարման խորհրդարանում կուսակցությունն ունի թվով երկրորդ խմբակցությունը` 131 պատգամավորական մանդատներից ունենալով 36 մանդատ։ Կուսակցությունը գլխավորում է խոշոր ձեռներեց Գագիկ Ծառուկյանը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:17 16.02.2015